ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները դադարեցրել են Սիրիայի հյուսիսում ապստամբներին ոչ մահաբեր սարքավորումների մատակարարումները, հաղորդում է BBC-ն։
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի խոսնակն ասել է, որ որոշումն ընդունվել է այն բանից հետո, ինչ իսլամիստները գրավել են Արևմուտքի աջակցությունը վայելող ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի վերահսկողության տակ գտնվող ռազմաբազաները։
«Իսլամական ճակատ» շարժման զինյալները դեկտեմբերի 7-ին իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմաբազաները Բաբ ալ Հաուա քաղաքի շրջանում՝ Թուրքիայի հետ սահմանին։
Ինչպես ակնկալվում է, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից մարդասիրական օգնության մատակարարումները կշարունակվեն։ Դրանով զբաղվում են միջազգային և ոչ պետական կազմակերպությունները, հայտնել է դեսպանատան ներկայացուցիչը։
«Իսլամական ճակատ»
«Իսլամական ճակատը» ստեղծվել է 2013թ․ նոյեմբերի կեսերին․ Սիրիայում յոթ հիմնական իսլամիստական ապստամբական խմբավորումներ հայտարարեցին մոտ 45 հազ․ զինյալ ներառող կոալիցիայի ստեղծման մասին։
Նրանք հայտարարեցին, որ «Իսլամական ճակատը» «քաղաքական, ռազմական և սոցիալական անկախ միավորում է», որի գլխավոր նպատակը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումն ու իսլամիստական պետության ստեղծումն է։
Շարժման մեջ ներառված չեն «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող խմբավորումներ, ինչպիսիք են «Իրաքի և Շամի իսլամական պետությունը» կամ «Ջաբհաթ ան Նուսրան», սակայն համաձայն շարժման կանոնների՝ նրան կարող են միանալ «հավատի մարտիկներ» այլ երկրներից՝ որպես «ջիհադում աջակցող եղբայրներ»։
Անցյալ շաբաթ «Իսլամական ճակատը» հայտարարեց, որ դուրս է գալիս Սիրիայի ազատ բանակի Բարձրագույն զինվորական խորհրդից, որը գործում է՝ ընդդիմադիր Ազգային կոալիցիայի հետ համակարգված։ Չորս օր անց իսլաիստները զբաղեցրին Սիրիայի ազատ բանակի ռազմաբազաներն ու պասհեստները Բաբ ալ Հաուայում՝ Իդլիբ նահանգում, որտեղ պահվում էին Թուրքիայից Սիրիա մատակարարված զենքն ու ռազմական սարքավորումները։
Սիրիայի ազատ բանակի հրամանատարության մամուլի քարտուղարը հայտնել է, որ «Իսլամական ճակատի» զինյալները բազաներում բարձրացրել են իրենց դրոշը և Սիրիայի ազատ բանակի բոլոր ներկայացուցիչներին ստիպել են լքել տարածքը։
Ժամանակավոր միջոցառում
Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի քարտուղարը Reuters գործակալությանը հայտնել է, որ Բաբ ալ Հաուայում իրադրությունն ուսումնասիրվում է։ Նրա խոսքով՝ այժմ իրականացվում է Սիրիայի ազատ բանակի ղեկավարությանը տրամադրված ամերիկյան սարքավորումների գույքագրում։
ԱՄՆ-ի կառավարությունն ավելի վաղ խոստացել էր Սիրիայի Ազգային կոալիցիային, տեղական ընդդիմադիր խորհուրդներին ու Սիրիայի ազատ բանակի հրամանատարությանը մատակարարել $250 մլն-ի ոչ մահաբեր ռազմական սարքավորումներ։ Ապստամբներին հատկացրել էին սննդամթերք, դեղորայք, կապի և տրանսպորտի միջոցներ։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ոչ մահաբեր սարքավորումների մատակարարումները ժամանակավոր են դադարեցվում, և դրանց վերականգնման հնարավորության որոշումը կընդունվի ստուգումներից հետո։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet










