Դեկտեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, Հալեպի Սուլեյմանիե թաղամասի վրա հրթիռներ են ընկել, հաղորդում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը։ Հետագա ժամերին հրթիռակոծությունն ուժգնացել է՝ ընդգրկելով Թելիֆոն Հաուայի-Նոր Գյուղ գիծը, Ազիզիեն և Աուժեթ Ժըպը։
Վերոնշյալ շրջաններում ընկած հրթիռների և արկերի հետևանքով վիրավորվել է երկու հայ՝ Անի Դավթյանը և Արա Արամյանը։
Վիրավորվածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց և համապատասխան բուժում են ստացել։
Հրթիռակոծությունների հետևանքով վնաս է հասցվել նաև մի շարք բնակարանների և ավտոմեքենաների։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











