«Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը, որը ծանր կորուստներ է կրել սիրիացի այլ ապստամբների հետ մարտերում, վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել կրակը: Այս մասին հունվարի 4-ի երեկոյան հաղորդել է BBC-ն:
Ինչպես հայտարարել է «Իրաքի և Շամի իսլամական պետության» ներկայացուցիչը, եթե 24 ժամվա ընթացքում իրենց վրա հարձակումները չդադարեն, խմբավորումը կդադարի պաշտպանել Հալեպը կառավարական ուժերից:
Կարծիք կա տարածված, որ խժդժության պատճառ է դարձել ապստամբների շրջանում առաջատարի դերի համար պայքարը:
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











