Գլխավոր Լրահոս

Արևմուտքը բանակցում է Դամասկոսի հետ իսլամիստների հարցով․ Սիրիայի փոխարտգործնախարար

Արևմուտքը բանակցում է Դամասկոսի հետ իսլամիստների հարցով․ Սիրիայի փոխարտգործնախարար

Արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները այցելել են Դամասկոս՝ բանակցելու արմատական իսլամիստական խմբավորումներին հակազդելու մեթոդների շուրջ։ Այս մասին BBC-ի հետ զրույցում ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը։

Միկդադի խոսքով՝ արևմտյան երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների և քաղաքական գործիչների դիրքորոշումները նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի հարցում տարբերվում են։

Միաժամանակ՝ Ասադի զորքերի դեմ կռվող ապստամբների շարքերում արմատական իսլամիստների թվի աճը մտահոգում է միջազգային հանրությանը։

Ծրագրվում է, որ Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչները կմասնակցեն սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովին՝ Ժնև-2-ին, որը պետք է տեղի ունենա հունվարի 22-ին։

Սակայն ապստամբական խոշորագույն խմբավորումներից մեկի՝ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչները մինչ այժմ չեն որոշել՝ մասնակցելու են համաժողովին, թե ոչ։

Ինչպես նշում են վերլուծաբանները, սիրիական ընդդիմության շարքերում անորոշությունը ավելի ու ավելի է հիասթափեցնում Արևմուտքից և ամրապնդում է Սիրիայի իշխանությունների դիրքերը։

BBC-ին վերջերս տված հարցազրույցում Միկդադը հայտարարել է, որ արևմտյան շատ երկրների կառավարություններ հասկացել են, որ Սիրիայում Ասադի վարչակարգին այլընտրանք չկա։

Պատասխանելով հարցին, թե որ երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներն են այցելել Դամասկոս, դիվանագետն ասել է․ «Ես չեմ հստակեցնի, սակայն Դամասկոս շատերն են այցելել»։

Նա նաև հաստատել է, որ արևմտյան շատ երկրների կառավարություններ Սիրիայի իշխանություններին դիմում են իրենց դիվանագետներին Դամասկոս վերադարձնելու հարցով։

«Անկասկած, շատերը սպասում են Ժնևին, ոմանք ասում են, որ դիտարկում են հնարավորությունը, որոշները վստահեցնում են, որ կցանկանային համագործակցել անվտանգության ոլորտում, քանի որ ահաբեկիչները, որոնք Սիրիա են ուղարկվում Արևմտյան Եվրոպայից Թուրքիայով, իրական սպառնալիք են դարձել»,- նշում է Միկդադը։

BBC-ի թղթակից Լիզ Դուսեթը հաղորդում է, որ տեղեկացված աղբյուրները հաստատում են Արևմուտքի հետախուզական ծառայությունների և Սիրիայի ներկայացուցիչների հանդիպումները։

Սիրիական հակամարտությունում Եվրոպայից իսլամիստների թվի աճը, նշում է Դուսեթը, խոսում է այն մասին, որ Արևմուտքն ու Ասադի վարչակարգն այժմ ունեն անհագստանալու ընդհանուր առիթ։ Սակայն առայժմ պարզ չէ, թե արևմտյան կառավարությունները որքանով են պատրաստ համատեղ միջոցառումների վարչակարգի հետ, որին համարում են պատասխանատու՝ երկրում քաղաքացիական պատերազմի համար։

Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչը վերջերս հայտնել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հասկացրել են, որ պատրաստ են վերանայել իրենց դիրքորոշումը և դադարեցնել օգնություն ցուցաբերել ապստամբներին, եթե վերջիններս չմասնակցեն Ժնև-2 համաժողովին։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում