ԱՄՆ-ի պետքարուղար Ջոն Քերին սիրիական ընդդիմությանը կոչ է արել մասնակցել սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովին՝ Ժնև-2-ին, որը հաջորդ շաբաթ կայանալու է Շվեյցարիայում, հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ-ի պետքարտուղարը նաև հայտարարել է, որ համաժողովի նպատակը շարունակում է մնալ Սիրիայում անցումային կառավարության ստեղծումը՝ պատերազմին վերջ դնելու համար։
«Անցումային կառավարության բոլոր թեկնածուները պետք է ստանան և՛ ընդդիմության, և՛ վարչակարգի համավությունը։ Ցանկացած ֆիգուր, որին կողմերից որևէ մեկը կհամարի անընդունելի՝ լինի դա նախագահ Ասադը կամ ընդդիմության անդամ, ապագայում դեր չի խաղա»,- հայտարարել է Քերին։
Ժնև-2-ը պետք է գումարվի հունվարի 22-ին: Համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր համաժողովն անցկացնել 2013թ․ հունիսի սկզբին։ 2012թ․ հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեում խոսվում է Սիրիայում անցումային կառավարության ձևավորման մասին՝ երկիրը ժողովրդավարական, մարդու իրավունքների լիակատար հարգում երաշխավորող պետություն դարձնելու համար։
Հունվարի 16-ին հայտնի էր դարձել, որ սիրիական ընդդիմության ամենաչափավոր խմբավորումներից մեկը՝ Ազգային համակարգող կոմիտեն հրաժարվել է մասնակցել համաժողովին։
Ակնկալվում է, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերի մի մասը համաժողովին մասնակցելու վերաբերյալ վերջնական պատասխանը կտա հունվարի 17-ին։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











