Գլխավոր Լրահոս

Սիրիական ընդդիմությունը Ժնև-2-ին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել․ Լավրով

Սիրիական ընդդիմությունը Ժնև-2-ին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել․ Լավրով

Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան և ընդդիմադիր այլ ուժեր սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովին՝ Ժնև-2-ին մասնակցելու պաշտոնական հրավեր չեն ստացել։ Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, հունվարի 17-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր սիրիացի պաշտոնակից Ուալիմ Մուալլեմի հետ Մոսկվայում ունեցած բանակցությունների արդյունքներով։

«Մեզ խիստ անհանգստացնում է այն, որ ընդդիմությանը (Ժնև-2-ին) մասնակցել հրավիրելու շուրջ ընթանում են ինչ-որ խաղեր։ Վերջին բանը, որ մեզ հաջողվել է պարզվել, այն է, որ կոալիցիան և ընդդիմադիր այլ խմբավորումներ Ժնև-2-ին մասնակցելու պաշտոնական հրավեր առայժմ չեն ստացել»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարը ենթադրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սպասում է նրան, թե Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան երբ է որոշում ընդունելու համաժողովին իր մասնակցության վերաբերյալ։

Ժնև-2 միջազգային համաժողովը պետք է գումարվի հունվարի 22-ին: Համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր համաժողովն անցկացնել 2013թ․ հունիսի սկզբին։ 2012թ․ հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեում խոսվում է Սիրիայում անցումային կառավարության ձևավորման մասին՝ երկիրը ժողովրդավարական, մարդու իրավունքների լիակատար հարգում երաշխավորող պետություն դարձնելու համար։

ԱՄՆ-ի պետքարուղար Ջոն Քերին սիրիական ընդդիմությանը կոչ է արել մասնակցել համաժողովին։

Հունվարի 16-ին հայտնի էր դարձել, որ սիրիական ընդդիմության ամենաչափավոր խմբավորումներից մեկը՝ Ազգային համակարգող կոմիտեն, հրաժարվել է մասնակցությունից։

Ակնկալվում է, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերի մի մասը համաժողովին մասնակցելու վերաբերյալ վերջնական պատասխանը կտա հունվարի 17-ին։ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան հունվարի 17-ին հանդիպում է Ստամբուլում, որպեսզի որոշի՝ մասնակցելու է Ժնև-2-ին, թե ոչ։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում