Դամասկոսը պատրաստ է գերիների փոխանակում առաջարկել ապստամբներին, հունվարի 17-ին Մոսկվայում հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալեմը իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սիրիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Սերգեյ Լավրովին է փոխանցել Հալեպում կրակի դադարեցման ծրագիրը։ Նրա խոսքով՝ այդ ծրագիրը կարող է որպես օրինակ օգտագործվել նաև Սիրիայի այլ քաղաքներում։
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովը՝ Ժնև-2-ը, պետք է տեղի ունենա սիրիական ընդդիմության լայն ներկայացվածությամբ։
Նա նշել է, թե իրեն մտահոգում է այն, որ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան և ընդդիմադիր այլ ուժեր չեն ստացել Ժնև-2-ին մասնակցության պաշտոնական հրավեր։
«Մեզ անհանգստացնում է, որ ընդդիմությանը հրավիրելու շուրջ ընթանում են ինչ-որ խաղեր։ Վերջին բանը, որ մեզ հաջողվել է պարզվել, այն է, որ կոալիցիան և ընդդիմադիր այլ խմբավորումներ Ժնև-2-ին մասնակցելու պաշտոնական հրավեր առայժմ չեն ստացել»,- ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը ենթադրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը սպասում է նրան, թե Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան երբ է որոշում ընդունելու համաժողովին իր մասնակցության վերաբերյալ։
Ժնև-2 միջազգային համաժողովը պետք է գումարվի հունվարի 22-ին: Համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․ հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր համաժողովն անցկացնել 2013թ․ հունիսի սկզբին։ 2012թ․ հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեում խոսվում է Սիրիայում անցումային կառավարության ձևավորման մասին՝ երկիրը ժողովրդավարական, մարդու իրավունքների լիակատար հարգում երաշխավորող պետություն դարձնելու համար։
ԱՄՆ-ի պետքարուղար Ջոն Քերին սիրիական ընդդիմությանը կոչ է արել մասնակցել համաժողովին։
Հունվարի 16-ին հայտնի էր դարձել, որ սիրիական ընդդիմության ամենաչափավոր խմբավորումներից մեկը՝ Ազգային համակարգող կոմիտեն, հրաժարվել է մասնակցությունից։
Ակնկալվում է, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերի մի մասը համաժողովին մասնակցելու վերաբերյալ վերջնական պատասխանը կտա հունվարի 17-ին։ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան հունվարի 17-ին հանդիպում է Ստամբուլում, որպեսզի որոշի՝ մասնակցելու է Ժնև-2-ին, թե ոչ։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











