Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ֆրանսական AFP գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով անցած տարիների ընթացքում իր համար ամենաբարդ իրավիճակների վերաբերյալ հարցին, առաջինը նշել է ահաբեկչությունը:
«Ահաբեկիչների բռնությունների և անմարդկայնության մակարդակը մեզ հիշեցնում է Եվրոպայում հինգ դար առաջ կատարված միջնադարյան ջարդերը: Ինչպես նաև արդի ժամանակներում հայերի դեմ օսմանցիների կատարած ջարդերը, երբ նրանք սպանեցին մեկուկես միլիոն հայերի և կես միլիոն ասորիների Սիրիայում և Թուրքիայում»,- Ասադի խոսքը մեջբերում է սիրիական SANA պետական գործակալությունը:
Ուշագրավ է, որ 1999-2011 թթ. թուրք-սիրիական մերձեցման հետևանքով Սիրիայում հզորացել էր Թուրքիայի տնտեսական և քաղաքական ազդեցությունը: Այդ մերձեցման վերջին տարիներին Սիրիայում Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչումներն աստիճանաբար սահմանափակվում էին միայն փակ սրահներում կատարվող համայնքային և կրոնական հանդիսություններով: Միաժամանակ` հայկական միջոցառումների կազմակերպման պետական արտոնությունները տրամադրվում էին` Թուրքիային չնեղացնելու նախապայմանով: Բաշար ալ Ասադը 2010թ. Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում չէր այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը սովորաբար նման այցերի ընթացքում ՀՀ արարողակարգի մաս է կազմում:
Civilnet











