ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հունվարի 23-ին առանձին հանդիպումներ է ունեցել Սիրիայի կառավարության և ընդդիմության՝ սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովին՝ Ժնև-2-ին մասնակցող պատվիրակությունների հետ։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Հունվարի 24-ին մեկնարկում են միջսիրիական բանակցությունները։ Հաղորդվում է, որ հակամարտող կողմերի պատվիրակությունները մեկ սեղանի շուրջ չեն նստի․ հանդիպումը տեղի կունենա միջնորդի մասնակցությամբ։ Քաղաքական գլխավոր խնդիրների, ինչպիսին են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ճակատագիրը կամ անցումային կառավարության կազմը, առայժմ չեն քննարկվելու։ Ծրագրվում է երկխոսություն ծավալել կրակի դադարեցման և մարդասիրական միջանցքների ստեղծման վերաբերյալ։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսը Euronews-ի հետ զրույցում ասել է․ «Այնքան էլ բարդ չէ սահմանել, թե ինչ պետք է արվի։ Դա բարի կամքի և Սիրիայում դեպքերի զարգացման վրա իսկապես ազդեցություն ունեցող քաղաքական առաջնորդների նախաձեռնության հարց է»։
Ժնև-2 միջազգային համաժողովը Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մեկնարկել է հունվարի 22-ին։ Համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․ հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր համաժողովն անցկացնել 2013թ․ հունիսի սկզբին։ 2012թ․ հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեում խոսվում է Սիրիայում անցումային կառավարության ձևավորման մասին՝ երկիրը ժողովրդավարական, մարդու իրավունքների լիակատար հարգում երաշխավորող պետություն դարձնելու համար։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











