Սիրիայի կառավարության պատվիրակությունը սպառնում է լքել սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովը՝ Ժնև-2-ը, եթե «լուրջ» բանակցությունները չսկսվեն մինչև հունվարի 25-ը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Սիրիայի արտգործնախարար Ուալիդ Մուալեմն այս մասին հայտարարել է սիրիական պետական լրատվամիջոցներին իր պատվիրակության՝ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի հետ բանակցություններից հետո։
Հունվարի 24-ին՝ ավելի ուշ, Բրահիմին պետք է առանձին հանդիպում անցկացնի սիրիական ընդդիմության պատվիրակության հետ։
BBC-ի թղթակիցների խոսքով՝ բանակցությունները մտահոգության տեղիք էին տալիս հենց սկզբից, քանի որ հակամարտության երկու կողմերն ունեն արմատապես տարբեր դիրքորոշումներ։
Ի սկզբանե հույս կար, որ այսօր հակամարտող երկու կողմերը համատեղ հանդիպում կունենան, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կողմերը մեկ սեղանի շուրջ չեն նստի, և հանդիպումը տեղի կունենա միջնորդի մասնակցությամբ։
Կողմերն այս հետընթացի համար մեղադրում են միմյանց։
Ժնև-2 միջազգային համաժողովը Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մեկնարկել է հունվարի 22-ին։ Համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․ հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր համաժողովն անցկացնել 2013թ․ հունիսի սկզբին։ 2012թ․ հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեում խոսվում է Սիրիայում անցումային կառավարության ձևավորման մասին՝ երկիրը ժողովրդավարական, մարդու իրավունքների լիակատար հարգում երաշխավորող պետություն դարձնելու համար։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











