Գլխավոր Լրահոս

Բրահիմին Սիրիայի հարցով բանակցությունների առաջին փուլից «շոշափելի արդյունք» չի ակնկալում

Բրահիմին Սիրիայի հարցով բանակցությունների առաջին փուլից «շոշափելի արդյունք» չի ակնկալում

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, որ «շոշափելի արդյունք» չի ակնկալում Սիրիայի հարցով բանակցությունների առաջին փուլից, որոնք Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում ավարտվում են հունվարի 31-ին, հաղորդում է BBC-ն։

Նա հերթական անգամ նշել է, որ հակամարտության երկու կողմերը, որոնց հաջողվել է նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, առայժմ չեն կարողանում համաձայնության գալ կարևոր հարցերից ոչ մեկի շուրջ՝ մարտական գործողությունների դադարեցում, անցումային կառավարության ձևավորում և միջանցքների կազմակերպում՝ մարդասիրական օգնության մատակարարման համար։

Բրահիմին, այդուհանդերձ, ասել է, որ հիասթափված չէ, և որ սառույցը դանդաղ հալչում է։

ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնացը հույս է կապում բանակցությունների երկրորդ փուլի հետ, որը, հավանաբար, կսկսվի տասը օրից․ երկրորդ փուլի ժամանակացույցը պետք է հստակեցվի հունվարի 31-ին։ Բրահիմին հույս ունի, որ բանակցությունների երկրորդ փուլը կլինի «ավելի կառուցողական և ավելի արդյունավետ»։

Նրա կարծիքով՝ բանակցությունների փուլերի միջև ընդմիջումը կողմերին թույլ կտա ևս մեկ անգամ վերանայել իրենց դիրքորոշումները, իսկ հակամարտության տարբեր կողմերին աջակցող երրորդ ուժերը կստանան հնարավորություն՝ օգտագործելու իրենց ազդեցությունը՝ սիրիացիներին ուղղորդելու փոխզիջում գտնելու։ Խոսքն առաջին հերթին ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասին է։

Ժնև-2 միջազգային համաժողովը Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում մեկնարկել է հունվարի 22-ին։ Համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․ հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր համաժողովն անցկացնել 2013թ․ հունիսի սկզբին։ 2012թ․ հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեում խոսվում է Սիրիայում անցումային կառավարության ձևավորման մասին՝ երկիրը ժողովրդավարական, մարդու իրավունքների լիակատար հարգում երաշխավորող պետություն դարձնելու համար։

Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում