Սիրիացի փախստականների թիվը երկու շաբաթվա ընթացքում ավելացել է 100 հազարով և հասել 2,3 մլն-ի։ Թարմացված տվյալները Մյունխենում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։ Նրա խոսքով՝ զգալի ավելացել է նաև Սիրիայի բնակիչների թիվը, որոնց հումանիտար օգնություն է անհրաժեշտ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։
«Ավելի քան 9,3 մլն մարդ ապրում է կարիքի մեջ, այդ թվում՝ 6,5 մլն ներքին տեղահանված։ Եվս 2,3 մլն մարդ դարձել է փախստական, և նրանց անհրաժեշտ է մեր օգնությունը»,- ասել է ՄԱԿ-ի ղեկավարը։
Նրա խոսքով՝ համաշխարհային կազմակերպությունը և նրա մարդասիրական գործընկերները «ակնկալում են միջազգային հանրության շռայլությունը՝ միլիոնավոր մարդկանց կյանքը փրկելու և նրանց տանջանքները թեթևացնելու համար»։
ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ ընթացիկ տարվա վերջին սիրիացի փախստականների թիվը կգերազանցի 4 մլն-ը։ Միաժամանակ՝ բնակչության կարիքներն ապահովելու համար պահանջվում է մոտ $6,5 մլրդ։
Հունվարի կեսերին Քուվեյթում տեղի ունեցավ դոնոր-երկների կոնֆերանս, որտեղ որոշում կայացվեց $2,4 մլրդ տրամադրել մարդասիրական գործողությունների համար: Սակայն օգնության տրամադրմանը Սիրիայի տուժած շրջաններում խանգարում են մարտական գործողությունները, որոնք, չնայած կառավարության և ընդդիմության միջև բանակցություններին, չեն դադարում:
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։
Civilnet











