Սիրիական ընդդիմության ակտիվիստները հայտարարել են, որ Հալեպ քաղաքում փետրվարի 1-ին կառավարական զորքերի իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 90 մարդ, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում է BBC-ն։
Բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ուղղաթիռները քաղաքի վրա պայթուցիկով տակառներ են նետել։
Համաձայն իրավապաշտպանների՝ արդեն գրեթե երեք տարի շարունակվող հակամարտության ընթացքում կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով Հալեպ քաղաքում զոհվել են հարյուրավոր մարդիկ։
Փետրվարի 1-ի ավիահարվածի հետևանքով զոհվել է 33 խաղաղ բնակիչ Ալ Բաբ թաղամասում, ևս ավելի քան 13 մարդ սպանվել է քաղաքի արևելյան հատվածում, հաղորդում են իրավապաշտպանները։
Բացի այդ՝ կառավարական ուժերի ավիահարվածների թիրախ են դարձել «Ջաբհաթ ան Նուսրա» ջիհադիստական խմբավորման տասը ապստամբներ, որոնք սպանվել են Աշ Շաար թաղամասում։
Սիրիական ընդդիմության ակտիվիստների տվյալներով՝ ավիահարձակումը շարունակվել է նաև փետրվարի 2-ին, սակայն զոհերի մասին տեղեկություններ չկան։
Միաժամանակ՝ Հալեպում նաև շարունակվում են արյունալի մարտերը իսլամիստական տարբեր խմբավորումների միջև։
Համաձայն իրավապաշտպանների տեղեկությունների՝ «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման զինյալները հարձակվել են «Թաուհիդի ջոկատներ»-ի իսլամիստների վրա և սպանել են նրա առաջնորդ Ադնան Բակուրին։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











