Գրեթե երեք տարվա ընթացքում ավելի քան 10 հազ․ երեխա դարձել է Սիրիայում շարունակվող հակամարտության զոհ։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սիրիական զինված հակամարտության և երեխաների հարցով զեկույցը։
ՄԱԿ-ը ընդգծում է, որ երեխաների շրջանում զոհերի մեծ թիվը կապված է ինչպես ապստամբների, այնպես էլ կառավարական ուժերի կողմից ծանր սպառազինության օգտագործման հետ։
Զեկույցում բերված են տվյալներ երեխաների առևանգման, ձերբակալման և բռնաբարության, անչափահաս սիրիացիների խոշտանգումների դեպքերի մասին։
Զեկույցում նաև ասված է, որ «ընդդիմադիր զինված խմբավորումները հավաքագրել են երեխաների և նրանց օգտագործել են ինչպես օժանդակ գործառույթների նպատակով, այնպես էլ մարտական գործողություններին մասնակցելու համար»։
Նշված է, որ «առանձնահատուկ անհանգստություն են առաջացրել երեխաների հավաքագրումների կամ հավաքագրումների փորձերի դեպքերը հարևան երկրների փախստականների թվից»։
Զեկույցում ասված է, որ «ՄԱԿ-ը տեղեկություններ չի ստացել երեխաներին կառավարական ուժերում պաշտոնական ծառայության կանչելու դեպքերի մասին։ Այդուհանդերձ, տեղեկատվություն է ստացվել, որ հսկիչ անցակետերում ստուգումների և կառավարության վերահսկողության տակ գտնվող ու վիճելի տարածքներում հարձակումների ընթացքում կառավարական ուժերը երիտասարդ տղամարդկանց, այդ թվում՝ 18 տարեկան, ձերբակալել են՝ սպառնալիքների միջոցով ստիպելով անդամագրվել իրենց շարքերը»։
Բացի այդ՝ երեխաներն օգտագործվել են որպես «կենանի վահան»։
Զեկույցում, որն ընդգրկում է 2011թ․ մարտի 1-ից 2013թ․ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը, ասված է, որ նախագահ Բաշար ալ Ասադի դեմ ապստամբության սկզբնական փուլերում բռնությունները մեծ մասամբ իրականացվել են սիրիական բանակի, հետախուզական ծառայությունների և կառավարամետ ուժերի կողմից։
Այնուհետև, երբ մարտական գործողություններն ակտիվացել են, և ընդդիմությունը դարձել է ավելի կազմակերպված, փաստագրվել են ապստամբական խմբավորումների կողմից իրականացված շատ ու շատ դեպքեր։
Զեկույցում ասված է, որ երեխաները կառավարական ուժերի կողմից ձերբակալվել են, պահվել մեծահասակների հետ, արժանացել վատ վերաբերմունքի և խոշտանգումների են ենթարկվել հիմնականում 2011թ․ և 2012թ․ ձերբակալությունների մասշտաբային արշավների ընթացքում։
Հետախուզության աշխատակիցներն ու զինվորականները սեռական բնույթի բռնություններ են իրականացրել երեխաների նկատմամբ, որոնք կասկածվում են ընդդիմադիրների հետ կապեր ունենալու մեջ, ասված է զեկույցում։
Ապստամբական խմբավորումների հասցեին ուղղված սեռական բռնությունների մեղադրանքներ նույնպես ստացվել են, սակայն հետազոտողները չեն կարողացել շարունակել դրանց ուսումնասիրությունը «մատչում չունենալու պատճառով»։
Անցյալ շաբաթ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը հերքել էր, թե կան կառավարության կողմից ձերբակալված երեխաներ, և ապստամբներին մեղադրել էր երեխաներին առևանգելու ու սպանելու մեջ։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











