Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքում սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը, հաղորդում է Reuters-ը։
Տարհանվածների առաջին խմբում մի քանի հարյուր մարդ է եղել։
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմությունն ու իշխանությունը համաձայնության էին եկել տարհանում իրականացնելու հարցում։
Ռուսաստանի արտգործնախարարությունը Gazeta.ru-ին հայտնել է, որ հակամարտող կողմերը համաձայնության են եկել երեք օրվա ընթացքում դադարեցնել փոխհրաձգությունը Հոմսում, որպեսզի խաղաղ բնակչությունը կարողանա լքել քաղաքը։
Հատկանշական է, որ Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները մասնակցելու են «Ժնև-2» միջազգային համաժողովի երկրորդ փուլին, որը նվիրված է Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
«Ժնև-2» միջազգային համաժողովի առաջին փուլն ավարտվել է հունվարի 31-ին, և ըստ ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) սիրիական ճգնաժամի հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի՝ բանակցություններում «առաջընթացը քիչ էր»: Ըստ էության՝ պատվիրակությունները որևէ հարցի վերաբերյալ համաձայնության չեն եկել: Բանակցությունների երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 10-ին՝ Ժնևում:
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











