Փետրվարի 10-ին Ժնև-2 միջազգային համաժողովի շրջանակում մեկնարկում է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է BBC-ն։
Բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր հունվարի 31-ին՝ առանց որևէ էական առաջընթացի․ կողմերը չէին կարողացել համաձայնեցնել երկրում մարտական գործողությունների դադարեցման ծրագիրը։
Այդուհանդերձ, ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին ավելի ուշ հայտարարել էր, որ ուրվագծվել են որոշակի «շփման եզրեր»։
Բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին հաջողվել է մարդասիրական օգնություն հասցնել սիրիական պաշարված քաղաք Հոմս, ինչպես նաև Հոմսից տարհանել հարյուրավոր բնակիչների եռօրյա հրադադարի շրջանակում։
Այդուհանդերձ, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտվել է․ Հոմս պարենամթերք և դեղորայք փոխադրող ՄԱԿ-ի ավտոշարասյունը ենթարկվել է ականանետի գնդակոծման։
Կառավարական ուժերը գնդակոծման մեջ մեղադրում են ապստամբներին, որոնք էլ իրենց հերթին մեղքը գցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի զորքերի վրա։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











