Հալեպում փետրվարի 9-ին մի շարք ընդդիմադիր զինյալ խմբավորումներ` «Իսլամական ճակատ» խմբի ղեկավարությամբ, պայթեցրել են Արդարադատության պալատը: Համացանցում հայտնված տեսանյութերից պարզ է դառնում, որ պայթյունի հետևանքով ոչնչացվել է պատմական շենքի մեծ մասը:
Զինյալների տարածած հայտարարությունում նշվում է, որ շենքն իրենք պայթեցրել են, քանի որ այնտեղ են ապաստանել կառավարական զորքերը:
Արդարադատության պալատը Հալեպի պատմական բերդի մուտքից 200 մ հեռավորության վրա է, ինչպես նաև տեղակայված է UNESCO-ի համաշխարհային պատմական ժառանգության մաս կազմող հին քաղաքի կենտրոնական մասում: Շրջանում տիրող բախումների պատճառով բոլոր դատական գործերն ու արխիվներն այնտեղից տեղափոխվել էին համեմատաբար ապահով վայրեր և շուրջ մեկ տարի է` շենքում դատական գործընթացներ չեն ընթանում:
Պայթյունի ուժը զգացվել է ամբողջ քաղաքում, վնասվել են նաև հարակից շենքերը: Խոշոր վնասներ է կրել նաև Արդարադատության պալատին կից նահանգապետարանի պատմական «Սարայա» շենքը, որի ճարտարապետը հայազգի Գևորգ Պապոյանն է: Նա պատմական շենքը կառուցել է 1930-1935 թթ.: Հայ ճարտարապետը ծնվել է Այնթապում 1895թ., ապա Հայոց ցեղասպանության հետևանքով ապաստանել Հալեպում: Նա ավարտել է Լոնդոնի համալսարանը 1928թ. և Հալեպում քաղաքաշինության ոլորտում մի շարք պետական պաշտոններ զբաղեցրել: Մահացել է 1949թ. Բեյրութում:
Civilnet











