Գլխավոր Լրահոս

Գաղտնի դիվանագիտության ավարտը

Գաղտնի դիվանագիտության ավարտը
20-րդ դարասկզբին, երբ բոլշևիկները ձգտում էին իշխանության, խոստումներից մեկը գաղտնի դիվանագիտությանը վերջ տալն էր: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկյան իշխանությունը բացեց ցարական Ռուսաստանի դիվանագիտական արխիվը՝ անհարմար դրության մեջ դնելով շատ երկրների և հատկապես Առաջին աշխարհամարտում Ռուսաստանի դաշնակիցներին: Սակայն բավականին արագ Խորհրդային պետությունը հրաժարվեց «բաց դիվանագիտության» պրակտիկայից և սկսեց կիրառել «իմպերիալիստական երկրներին» հատուկ գաղտնի դիվանագիտություն: Դրա գագաթնակետը, վստահաբար, Լեհաստանի բաժանման վերաբերյալ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտն է՝ կնքված Խորհրդային միության և ֆաշիստական Գերմանիայի միջև: Վերջին օրերին միջազգային մամուլը բավականին աշխույժ արձագանքեց հավանաբար ռուսական գաղտնի ծառայությունների միջոցով հանրությանը հայտնի դարձած ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի զրույցը, որտեղ Նուլանդը հայհոյախառն արտահայտություններ է թույլ տալիս ԵՄ հասցեին՝ Ուկրաինայի հարցում վերջինիս պասիվ քաղաքականության պատճառով: Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից Էդուարդ Սնոուդենը գաղտնազերծեց մի քանի կարևոր իրողություններ, համաձայն որոնց` ԱՄՆ գաղտնալսել է իր դաշնակիցներից շատերին, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Դիվանագիտական փաստաթղթերի ամենամեծ արտահոսքը, սակայն, եղավ ՎիքիԼիքսի շնորհիվ: 2010թ. նոյեմբերին ամերիկյան դեպեշեների և դիվանագիտական այլ գրագրության նմուշներ, շնորհիվ ՎիքիԼիքս նախագծի, դարձան հանրության սեփականությունը՝ հնարավորություն տալով պատկերացում կազմել աշխարհի տարբեր երկրների ներքաղաքական կյանքի մանրամասներին և իրողություններին, որոնք նկատել էին ամերիկացի դիվանագետները: ՎիքիԼիքսի խմբագիր Ջուլիան Ասանժի անունը տարիներ շարունակ չի իջնում համաշխարհային մամուլի էջերից: Այն, ինչ երազում էին բոլշևիկները 20-րդ դարասկզբին, և ինչն ի վիճակի չեղան մինչև վերջ իրականացնելու, տեղի է ունենում 21-րդ դարասկզբին: Գաղտնի դիվանագիտության ավարտը գալիս է ոչ թե կառավարությունների բարի կամքի և նոր բարոյականություն դավանելու շնորհիվ, այլ տեխնոլոգիաների զարգացման պատճառով: Ամենուր ու ամեն ինչ կարելի է հսկել և իմանալ, և սա այլևս կառավարությունների մենաշնորհը չի: Սա, իհարկե, սրբագրումներ կմտցնի գաղտնիության մոտեցումների մեջ՝ շատ բան դարձնելով թափանցիկ և բաց: Իսկ իրականում` տեղեկություններ հավաքելը մեր օրերում այնքան էլ դժվար բան չէ, ամենադժվարը այդ տեղեկությունների դասակարգումն ու վերլուծությունն է: Սա վերաբերում է թե՛ հետախուզական ծառայություններին, թե՛ դիվանագիտական հիմնարկներին: Եվ այս փոփոխությամբ պայմանավորված` առաջնային նշանակություն է ստանում մտածող, վերլուծելու ունակ մարդը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում