ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայում ճգնաժամի հակամարտող կողմերը շարունակում են կոպտորեն խախտել միջազգային օրենքներն ու մարդու իրավունքները, ինչը նրա խոսքով՝ անթույլատրելի է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Ամոսը կոչ է արել ընդունել բանաձև, որը թույլ կտա փոխել այս իրավիճակը Սիրիայում և մարդասիրական կազմակերպություններին կտա հնարավորություն՝ օգնելու երկրի բնակչությանը։
Նախօրեին Հոմսում երեք օրով երկարացվել է հրադադարը, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան լքել մարտերով բռնկված քաղաքը։
ՄԱԿ-ը պարենային և անհրաժեշտ այլ օգնություն է ուղարկել Հոմս, ինչպես նաև ավտոբուսներ՝ տեղի բնակիչներին տարհանելու համար։
Ավելի վաղ՝ փետրվարի սկզբին, ՄԱԿ-ի ներկայացուցիչներին արդեն հաջողվել էր մարդասիրական օգնություն հասցնել Հոմս, ինչպես նաև քաղաքից տարհանել հարյուրավոր բնակիչների եռօրյա հրադադարի շրջանակում։ Այդուհանդերձ, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտվել էր․ Հոմս պարենամթերք և դեղորայք փոխադրող ՄԱԿ-ի ավտոշարասյունը ենթարկվել էր ականանետի գնդակոծման։ Կառավարական ուժերն ու ապստամբները գնդակոծման մեջ փոխադարձաբար մեղադրել էին միմյանց։
Միաժամանակ փակուղի է մտել Ժնև-2 միջազգային համաժողովի շրջանակում Սիրիյաի նախագահ Բաշար ալ Ասադի և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունների՝ փետրվարի 10-ին մեկնարկած երկրորդ փուլը։ Փետրվարի 13-ին բանակցող կողմերին չի հաջողվել անգամ համաձայնության գալ ընդհանուր օրակարգի շուրջ։
Այդուհանդերձ, ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, որ ամերիկացի և ռուս դիվանագետները խոստացել են գործադրել առավելագույն ջանքեր՝ սիրիական հակամարտության կողմերի միջև բանակցությունները «մեռած կետից շարժելու համար»։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին հայտնել է, որ վերջին երեք շաբաթներին Սիրիայում օրական զոհվել է ավելի քան 200 մարդ։
Ռուսաստանը փետրվարի 13-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է մտցրել Սիրիայում մարդասիրական օգնության վերաբերյալ սեփական բանաձևի նախագիծը։
Այս շաբաթ՝ ավելի վաղ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիայում մարդասիրական օգնության վերաբերյալ Արևմտյան երկրների առաջարկած բանաձևի նախագիծը հիմք է ստեղծում Սիրիայի գործերին ուժային միջամտության համար, և այդ տեսքով Ռուսաստանը մտադիր է արգելափակել այն։
Civilnet











