Սիրիայի հակամարտության կարգավորմանը նվիրված Ժնևի համաժողովը կոնկրետ արդյունքների չի հանգեցրել: Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Լուայ Սաֆին՝ ամփոփելով ժնևյան բանակցությունների երթական փուլի արդյունքները։
Միաժամանակ հաղորդվում է, որ Սիրիայի ընդդիմությունն օտարերկրացի զինյալներին առաջարկել է լքել Սիրիայի տարածքը։
«Սիրիացի զինյալները, որոնք դիմադրում են վարչակարգին և նրա դաշնակիցներին, շարունակում են պայքարն իրենց քաղաքների և գյուղերի պաշտպանության համար։ Ստացվում է անվերջանալի հակամարտություն, որն արդեն տասնյակ քաղաքացիների զրկել է կյանքից»,-հայտարարել է Սաֆին։
Փետրվարի 13-ին բանակցող կողմերին չի հաջողվել անգամ համաձայնության գալ ընդհանուր օրակարգի շուրջ։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











