Սիրիայի հարավային Դարաա նահանգի Յադուդա գյուղի մզկիթի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել ու տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Ինչպես հաղորդում է AFP-ն, տարածքը վերահսկվում է գրոհայինների կողմից:
Սիրիայի ընդդիմադիր ուժերի ակտիվիստները հարձակման մեջ մեղադրել են Ասադի վարչակարգին և հայտարարել, որ զոհերի թիվը մեծանում է՝ կապված ծանր վիրավորների հետ:
Զոհերի թվում կա 10 զինյալ, ինչպես նաև՝ 1 երեխա:
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











