Ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի նոր ղեկավար է դարձել Աբդ ալ Իլահ ալ Բաշիրը․ ընդդիմադիր այս խմբավորման Գերագույն ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնում նա փոխարինել է Սալիմ Իդրիսին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Սիրիայի ազատ բանակի ղեկավարությունը նոր առաջնորդ նշանակելու որոշումն ընդունել է փետրվարի 16-ին Թուրքիայում ունեցած հանդիպումից հետո՝ պայամնավորված Սալիմ Իդրիսի հրամանատարության անարդյունավետությամբ և վերակառուցման անհրաժեշտությամբ։
Վերջին ամիսներին Սիրիայի ազատ բանակի ապստամբները նկատելիորեն զիջել են դիրքերը և կորցրել են նախկին ազդեցությունը ապստամբական մյուս խմբավորումների վրա։
Աբդ ալ Իլահ ալ Բաշիրը դաշտային ավելի հմուտ հրամանատար է համարվում։ Սիրիայի ազատ բանակը դիտարկվում է որպես սիրիական ընդդիմության չափավոր աշխարհիկ հատված և վայելում է Արևմուտքի ու Ծոցի երկրների աջակցությունը։
Գեներալ Սալիմ Իդրիսը Սիրիայի կառավարական բանակը դասալքել էր 2012թ․ հուլիսին և Սիրիայի ազատ բանակի գլխավոր շտաբի ղեկավար էր դարձել 2012թ․ դեկտեմբերին։
Սիրիայի ազատ բանակի հրամանատարությունում փոփոխությունն իրականացվել է Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև խաղաղ բանակցությունների՝ անարդյունք ավարտված երկրորդ փուլից հետո։
Ժնև-2 միջազգային համաժողովի շրջանակում ընթացող բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է փետրվարի 15-ին։ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին ներողություն է խնդրել սիրիացի ժողովրդից՝ դրանց առանց որևէ առաջընթացի ավարտվելու կապակցությամբ։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին բանակցությունները տապալելու մեջ մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ներկայացուցիչներին և Ռուսաստանին կոչ է արել զենք չմատակարարել Ասադի ուժերին։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











