Գլխավոր Լրահոս

Ուկրաինայից Սիրիա` աշխարհաքաղաքական քերականության իրականացումը. Շ. Գանտահարյան

Ուկրաինայից Սիրիա` աշխարհաքաղաքական քերականության իրականացումը. Շ. Գանտահարյան
Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Ուկրաինայից Սիրիա` աշխարհաքաղաքական քերականության իրականացումը» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև: Աշխարհագրական տարբեր միջավայրերում ռուսական հենակետերի գրավման-պահպանման նպատակով մղվող պատերազմների հրատապության կարգով առաջնային դիրքերի ժամանակավոր փոփոխություններ են տեղի ունենում: Ուկրաինան և Ղրիմը հայտնի պատճառներով Արևմուտք-Հյուսիս բախումնային իրավիճակը տեղադրել են աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կիզակետում: Մի կողմից` միջազգային օրենքի ինքնորոշման սկզբունքի համահնչեղության նկատառումով ժողովրդավար հանրաքվեի եղանակը գործի է դնում, մյուս կողմից` զինուժ է կուտակվում խնդրո առարկա տարածքների սահմաններին, և պատժամիջոցների սպառնալիքի անվերջ հայտարարություններ են կատարվում: Ուկրաինառուսական տարածքների վրա գերիշխանություն հաստատելու այս պարանաձգությունը առայժմ պահվում է քաղաքական բանակցությունների վերահսկողության տակ: Այդ հովանիից դուրս գալու որևէ փորձ անկանխատեսելի հետևանքների կարող է առաջնորդել ամբողջ տարածաշրջանը: Ռուսաստանի միջինարևելյան հենակետի իրավիճակն այլ հանգամանքներ է ստանում: Սիրիայում տեղակայված ծայրահեղ կրոնականության կարգախոսի տակ գործող զինյալ խմբավորումների դեմ կառավարական ուժերի արշավը ռազմավարական կետեր ապահովելու ընթացքում է: Այս տեղաշարժը կատարվում է այն պահին, երբ Արևմուտք-հյուսիս լարվածությունը կենտրոնանում է Արևելյան ևրոպայի սահմանների վրա: Սիրիան այս դեպքում երևութապես ստանում է երկրորդական նշանակություն: Պարզ է, որ Արևմուտքը ոչ միայն ուկրաինական պատճառներով օժանդակության նախկին աստիճանաչափը չի պահում Սիրիայի հակակառավարական ճակատին: Ծայրահեղականությունը սպառնալիք է ոչ միայն Դամասկոսին և սիրիական դասական ընդդիմությանը, այլև ընդհանրապես Սիրիային և Արևմուտքին, մանավանդ երբ դրանց շարքերին նկատելիորեն հայտնվել են իսլամական աշխարհաքաղաքացիության բազմաթիվ տարբերակները: Թե՛ տարածաշրջանում և թե՛ Սիրիայում հակածայրահեղական գործողությունների անտեսանելի կանաչ լույսեր կան, լուռ համաձայնություններ գուցե: Ուրեմն միայն ուկրաինական առաջնահերթությունը չէ, որ Սիրիայում դիպաշարի ուղղությունների հուներն է փոխում, այլև նույնինքն սիրիական հանգամանքները: Այս գործընթացներից անմասն չի մնում նաև միջազգային մեկուսացումից դուրս գալու փորձեր կատարող Թեհրանը: Աննկատ չէ «Հեզբոլլահի» մասնակցությունը սիրիական ռազմավարական կետերի վերագրավման մարտերում: Սիրիական գետնի վրա ուժերի վերադասավորման իրականությունների դիմաց պատասխան պայթումներ են տեղի ունենում լիբանանյան հողի վրա: Անձնասպանական գործողություններից մինչև հրթիռարձակումներ և զինվորական միջադեպեր: Խորքում սակայն աշխատում է քաղաքական քերականությունը: Դեպքերը չեն վերածվում իսլամական երկու գլխավոր դավանանքների միջև հսկայածավալ բախումի, լուրջ դժվարություններից հետո նորանշանակ կառավարությանը հաջողվում է խմբագրել աշխատանքային ծրագիրը և հակառակ գերլարում պատճառող պայթունավտանգ գործողությունների, իրենց դերն են ունենում զսպիչ գործոնները, որոնց հետևում է նաև քաղաքական հռետորաբանության որոշ զսպվածություն: Այսպես է միայն բացատրվում կառավարության կազմության նախօրյակով սկսած արևմտյան և իրանամետ ուժերին և դրանց դաշնակիցների միջև տեղի ունեցող զգուշավոր փոխասացությունը: Ուկրաինայից մինչև Լիբանան, անցնելով Սիրիայից աշխարհաքաղաքական ուժերի միջև զինվորաքաղաքական առևտուրների պատճառած ելևէջներով տվայտվում է ամբողջ տարածաշրջանը, որտեղ ապրում են հայ համայնքներ: Երևանն ու հայ համայնքային ներկայացուցչությունները վերլուծական ժամացույցերի սլաքների համակարգման անհրաժեշտության առջև են` աշխարհաքաղաքական քերականության հիման վրա իրականացվող գործընթացներին հետևելու համար: Գեթ այս հանգրվանին:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում