Սուտի Գելափի մասին
Այսօր «Գելափ ինթերնեշնլ ասոցիացիա» կոչվող կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչները մամուլի ասուլիս են տվել և հայտարարել իրենց իրականացրած հարցման արդյունքների մասին, համաձայն որոնց՝ Հայաստանում բնակչության 88.7%-ը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Միանգամայն հնարավոր և տրամաբանական է, որ բնակչության 88.7%-ը դեմ լինի պարտադիր կուտակային համակարգին: Բայց շան գլուխը ուրիշ տեղ է թաքնված:
Հայկական կայքերը վերցնում են հետազոտության արդյունքները և արդյունքների կողքին նշում՝ «Գելափ»: Սա հենց այն է, ինչին ձգտում է այս չակերտավոր «Գելափը»՝ հայտնի բրենդը օգտագործել սեփական հետազոտություններին հավաստիություն հաղորդելու համար:
Իրականում այս կազմակերպությունը ամերիկյան հայտնի Gallup Inc.-ի հետ որևէ կապ չունի և կատարում է իր պատվիրատուների պահանջները:
«Գելափ ինթերնեշնլ ասոցիացիան» մի քանի տարի առաջ Ղազախստանի ինքնակալ առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի համար 90 տոկոս քվե էր հաշվում: Նմանատիպ հարցումներ էր անում նաև Հայաստանում Սերժ Սարգսյանի հաղթանակը առաջին փուլով երաշխավորելու համար (տե՛ս Nouvelles d’Arménie-ի այս հոդվածը):
Հայաստանում պարտադիր կուտակայինի մասին հարցումը երկու բան կարող է նշանակել․
1. Կամ իշխանությունները փորձում են փաստարկներ ապահովել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առաջարկվող տարբերակից շեղվելու համար, քանի որ քաղաքացիական բողոքի ալիքը քաղաքականացվում է և վտանգներ է պարունակում իշխանության համար: Վերջին մի քանի օրերին մի քանի պաշտոնյաների հայտարարությունները խոսում են այդ վտանգի գիտակցման մասին:
2. Կամ կազմակերպությունը պարզապես ամբոխահաճո արդյունքներ է ցուցադրում ընտրական ժամանակահատվածում ավելի վստահելի դիրքերից ընտրությունների կեղծման գործընթացին մասնակցելու համար:
Կարեն Հարությունյան










