Գլխավոր Լրահոս

Քեսապ. 0 ժամ. Շահան Գանտահարյան

Քեսապ. 0 ժամ. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Քեսապ. 0 ժամ. տարհանում, ապաստանի և օժանդակության տրամադրում, բայց նաև քարոզչաքաղաքական աշխատանք» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Քեսապի ուղղությամբ իրականացվող ներթափանցման զինվորական գործողությունները, անկախ  հետապնդած ռազմավարական առաջնային նպատակներից, աղետալի հետևանքներ են ունենում տեղի հայ ազգաբնակչության համար:

Պետք է արձանագրել, որ դեպի Քեսապ թուրքական անցակետերից նախաձեռնվող նման թափանցման լայնամասշտաբ գործողության հավանականությունը սիրիական պատերազմի առաջին օրերից գոյություն ուներ հայկական կողմի համար: Երբ Թուրքիան բացահայտ զինում և ֆինանսավորում է զինյալ խմբավորումներին, ապա այս դեպքում Քեսապի շրջանը պոտենցիալ կարևոր միջավայրերից էր նկատվում և շարունակում է նկատվել թափանցման, բայց մանավանդ Սիրիա-Թուրքիա տվյալ սահմանի շփման գծին տիրապետելու համար: Զինվորական այս ծրագրի պահն էր պարզապես, որ չէր ճշտվել: Թուրքական տարածքներից Սիրիա հարձակման 0 ժամը:

Այս մտահոգությունը, ավելի ճիշտ պիտի լիներ ասել վտանգը, առկա էր Քեսապի համար. հայտնաբար մնայուն այս սթափ և համապատասխան պատրաստվածության իրականությունն էր, որ դեպքերի սկսմանը զուգահեռ շատ արագ կազմակերպվեցին տարհանման գործողությունները: Պաշարված շրջանները ևս, երբ բանակի մարտեր թեժացման և որոշ դիրքերի վերագրավման հետ նկատելի դարձավ պայմանների համեմատական փոփոխությունը, ճեղքվեցին և այդ տեղերը ևս ապաստանած  հայրենակիցները տեղափոխվեցին համեմատաբար ավելի ապահով վայրեր:

Պետք է ավելացնել, որ տարհանման նման տարողության ընկալման պատրաստ էր նաև Լաթաքիայի շրջանի հայկական շտաբը, որ անմիջապես տարհանված հայրենակիցներին ընդունելու միջոցառումների դիմեց: Փաստորեն, մի քանի  հանգրվանով իրականացած տարհանման գործողություններըը, հակառակ ծանր բախումներին, ռմբակոծումներին, հրացանաձգություններին և բնակավայրերի ուղղությամբ արձակազենների արձակած կրակահերթերին, անցան առանց մարդկային վնասների:

Մյուս կողմից սակայն, ամբողջ մի հայկական գյուղի ամայացումը մռայլ հուսահատական գույներով պարուրեց ոչ միայն շրջանի հայությանը, այլ նաև հայկական աշխարհը: Քեսապահայության արմատները ձգվում են մինչև 10-րդ դար: Երկու օրվա ընթացքում արագ ամայացումը և մինչ այժմ նաև գյուղի և հայկական կառույցների ճակատագրի անորոշությունը, մեղմ ասած, մխիթարական հեռանկարներ չեն ուրվագծում հայրենիքի սահմանամերձ գաղթօջախների հեռանկարին:

Հրատապ աշխատանքների հրամայականը ավելի քան գերակա օրակարգ է Հայաստանի Հանրապետության և սփյուռքահայ հոգևոր և քաղաքական կենտրոնների համար: Քաղաքական-հարաբերական աշխատանքներ, զինյալ խմբավորումների չեզոքացման և գյուղի անդորրի վերահաստատման նպատակով օպերատիվ հանդիպումներ, կոչեր: Բայց մանավանդ Լաթաքիայում ժամանակավոր հաստատված քեսապահայության օժանդակության աշխատանքների արտակարգ թափ:

Քաղաքական տրամաբանությունը և նրան ուղեկցող Սիրիայի տարածքում ծավալվող զինվորական գործողությունների հաջորդականությունն ու ընդհանրապես երևացող ռազմավարությունը կարող են հուշել, որ թեկուզ Թուրքիայից սանձազերծված լինելուն` այս գործողությունները քեսապահայությունը չունեն իբրև առաջնային թիրախ: Որ քեսապահայության տարհանումը (այս դեպքում` տեղահանությունը), գյուղի ամայացումը, հավանական թալանն ու հայ կազմակերպված համայնքի չեզոքացումը ևս բխում են սահմանից այն կողմ գործող պետության շահերից, վիճարկման խնդիր չէ անշուշտ: Ռազմավարական նշանակություն ունեցող հենակետերի գրավումն ու հայության հասանելիք վնասները իբրև թուրքական տարածքներից կառավարվող ծրագրերի հետապնդած համատեղելի շահեր ավելի համոզիչ կարող է  դարձնել գործողությունների պատճառահետևանքային մղումները:

Հայկական կողմին վերապահված նշված աշխատանքներից  բացի, քարոզչաքաղաքական աշխատանքները բոլորից աշխույժ ձևով կարող են կենտրոնանալ միջազգային ահաբեկչության դեմ միջոցառումներ որդեգրած, դրա դեմ աննահանջ պայքար հայտարարած միջազգային ընտանիքի առնչված կառույցների վրա` Թուրքիայի այս առումով ունեցած փաստացի դերակատարությունը լույսի բերելու նպատակով և համարժեք հակազդեցությունակնկալելով։ Դժվար չէ ենթադրել, թե Անկարայի ի՜նչ տեսակ ծառայությունների համապատասխան լայնածիր օժանդակություններ է ստացել  Թուրքիայում գործող, ֆինանսավորվող, ռազմափորձերի մասնակցող աշխարհաքաղաքացիական ահաբեկչությունը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում