Մարտի 27-ին Սիրիա մեկնած Ազգային ժողովի պատվիրակության անդամները հանդիպել են երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, հաղորդում է տեղական SANA գործակալությունը:
Պատվիրակության ղեկավար ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Սիրիայի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում նա իր և հայ ժողովրդի անունից դատապարտել է «Լաթաքիայի Քեսապ ավանում Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբերի գործողությունները»։ Ուղերձում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սիրիային իր քաղաքացիներին պաշտպանելու համար ձեռնարկվող ջանքերի համար ։
Նախագահ Ասադն իր հերթին գոհունակություն է հայտնել Սերժ Սարգսյանի Սիրիայի կայունությանը աջակցող անաչառ դիրքորոշման համար՝ շեշտելով այն դերը, որ խորհրդարանականները կարող են ունենալ միջազգային ատյաններում՝ ահաբեկչության և ծայրահեղականության սպառնալիքի մասին բաձրաձայնելով։
Սիրիայի նախագահը նաև զգուշացրել է ահաբեկչական վտանգի մասին, որն Արևմուտքի ու տարածաշրջանի որոշ երկրների կողմից աջակցություն է ստանում՝ հավելելով, որ ծայրաեղական գաղափարախոսությունը սպառնում է մասնատել տարածաշրջանը, որը պատմականորեն բնութագրվել է մշակութային և հասարակական բազմազանությամբ։
Հայ խորհրդարանականները վերահաստատել են երկրի անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու սիրիական պետության քայլերին իրենց լիարժեք աջակցությունը և Քեսապից տարհանվածներին իրենց տներ և հայրենի գյուղեր վերադարձին ուղղված ջանքերը։
Ազգային ժողովը մարտի 24-ին պատվիրակություն էր ուղարկել Սիրիա` տեղում հայերի խնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակով: Պատվիրակության կազմում են Սամվել ֆարմանյանը (ՀՀԿ), Լևոն Մարտիրոսյանը (ՀՀԿ), Արման Սահակյանը (ՀՀԿ), Նաիրա Կարապետյանը (ՀՀԿ), Թևան Պողոսյանը («Ժառանգություն») ու Էդմոն Մարուքյանը (անկախ պատգամավոր):
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 27-ին` կառավարության նիստին, ասել է, որ պատվիրակությունը մարտի 28-ին կվերադառնա Հայաստան: Վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հերթին հայտարարել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում սիրիահայերի հոգսերը թեթևացնելու ուղղությամբ:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Սիրիա մեկած Աժ պատվիրակության անդամները մարտի 24-ին հայտարարություն էին տարածել, որում անդրադարձել էին Քեսապում տեղի ունեցող իրադարձություններին և հայերի տեղահանմանը: Նրանք կոչ էին արել կառավարությանը պաշտպանել սիրիահայերին:
Մարտի 26-ին հայ պատգամմավորները Լաթաքիայի Սուրբ Ասվածածին եկեղեցում հանդիպել էին այնտեղ հանգրվանած քեսապահայերի հետ:
Civilnet










