«Միացյալ Նահանգները Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում շարունակելու է իր հաստատուն աջակցությունը հակամարտության տուժածներին, այդ թվում սիրիահայերին>,- ասել է պետքարտուղարության փոխխոսնակը:
«Մենք խորապես մտահոգված ենք վերջին բախումների և բռնությունների համար, որոնք լուրջ վտանգ են Սիրիայում Քեսապի հայ համայնքի համար և շատերին ստիպել են հեռանալ». մարտի 28-ին Վաշինգտոնում ամենօրյա մամլո ճեպազրույցում այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆը:
Խոսելով նախագահ Օբամայի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի մասին, որի ընթացքում նրան ուղեկցել է պետքարտուղար Ջոն Քերին, Հարֆը նշել է, որ օրվա իր ճեպազրույցի օրակարգում երկրորդ կարևոր կետը Քեսապի հարցն է:
«Չափազանց շատ անմեղ քաղաքացիներ են տառապում պատերազմի հետևանքներից: Քաղաքացիական բոլոր անձինք, նաև նրանց պաշտամունքի վայրերը պետք է պաշտպանվեն: Ինչպես բազմիցս ասել ենք այս հակամարտության ամբողջ ընթացքում, մենք խստորեն քննադատում ենք Սիրիայի քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների նկատմամբ շարունակական սպառնալիքները: Եվ եթե դուք լսել եք Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ նախագահ Օբամայի խոսակցությունը երեկ, նրանք ի թիվս այլ հարցերի քննարկել են փոքրամասնությունների, այդ թվում քրիստոնյաների վիճակը այսօրվա Սիրիայում:
Քեսապում կռվող որոշ խմբերի կողմից մենք լսել ենք հայտարարություններ, երբ նրանք ասում են, թե թիրախ չեն դարձնելու քաղաքացիական բնակչությանը, հարգելու են փոքրամասնություններին և սրբավայրերը: Մենք ակնկալում ենք, որ այդ հանձնառությունները կհարգվեն: Միացյալ Նահանգները Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում շարունակելու է իր հաստատուն աջակցությունը հակամարտության տուժածներին, այդ թվում սիրիահայերին: Երկար ժամանակ է՝ մենք մտահոգված ենք զինյալ ծայրահեղականների կողմից սպառնալիքների համար, և Սիրիայում հայ համայնքի նկատմամբ վերջին սպառնալիքն ըդնգծում է մեր այդ մտահոգությունը»,- ասել է Հարֆը:
Մարտի 28-ին Քեսապի վրա հարձակումը և հայ բնակչության նկատմամբ սպառնալիքը դատապարտել է նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











