«Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում աջակցել քեսապահայությանը` նվիրատվություններ կատարելով հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին` Anelik Bank AMD 11807008554300, EUR 11807008554302, USD 11807008554301, RUR 11807008554303:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Հիմնադրամի տարածած կոչում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին:
Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսապում և նրա շրջակա գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը վերապրելու ծանր փորձություն դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ խմբերի դաժան հարձակումների հետևանքով շուրջ 670 հայ ընտանիք տարհանվել է իր բնօրրանից` ապաստան գտնելով Լաթաքիա քաղաքում:
Ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցները բարոյական աջակցության, զորակցության եւ նյութական օժանդակության կարիք ունեն:
Սիրիահայ մեր հայրենակիցների աջակցության «Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում բոլոր անհատներին և կազմակերպություններին մենակ չթողնել մեր եղբայրներին` նյութական աջակցությամբ սատարելով ծանր օրեր ապրող քեսապահայությանը»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ևս քեսապահայերին աջակցելու նպատակով հատուկ հաշվեհամար էր բացել:
Civilnet











