Ռուսաստանի արտգործնախարարությունը ապրիլի 1-ին հադես է եկել Քեսապի դեպքերի վերաբերյալ հայտարարությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) կոչ է արել քննարկել Սիրիայի հյուսիսարևմտյան այս քաղաքում ստեղծված իրադրությունը։ Ստորև ներկայացվում է հայտարարությունն ամբողջությամբ։
«Արդեն մի քանի օր է՝ միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը սևեռված է իրադրությանը Քեսապ քաղաքում, որը Սիրիայի հյուսիս-արևմուտքում է՝ Թուրքիայի հետ սահմանին՝ Լաթաքիայից 65 կմ հեռավորության վրա։
Ստացվող տվյալների համաձայն՝ Քեսապ քաղաքի շուրջ շրջանը, որտեղ հարյուրամյակներ շարունակ՝ դեռ Կիլիկիայի Հայկական Թագավորության գոյության ժամանակներից, խիտ բնակեցված է հայերով, ենթարկվել է «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Ջաբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» ծայրահեղական խմբավորումների մի քանի հազ․ մարդուց կազմված ջոկատների դաժան հարձակմանը։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ պատմական հայկական անկլավում, որի վրա հարձակվել է մարդասպանների և բռնացողների միջազգային ավազակախումբը, ռազմական օբյեկտներ չկային։ Ջիհադիստների հետապնդումներից փրկվելու համար ստիպված իրենց տները լքած 700 ընտանիքների միակ մեղքն այն էր, որ հավատարիմ էին Սիրիայի կառավարությանը։ Ներկայում այդ մարդիկ ապաստան են գտել Լաթաքիայում՝ իրենց հարազատների մոտ և քրիստոնեական տարբեր հարամվանություններին պատկանող եկեղեցիներում։
Ինչ վերաբերում է YouTube-ում հայտնված տեսանյութին, ապա անգամ եթե դրանում, ինչպես վստահեցնում են որոշ աղբյուրներ, պատկերված չէ Քեսապում հայերի մահապատիժը, այլ զինյալների՝ սիրիական բանակի զինվորների նկատմամբ անողոք հաշվեհարդարը, տվյալ հանցագործությունը նվազ հրեշավոր չի դառնում։
Մենք վճռականորեն քննադատում ենք Սիրիայում ծայրահեղականների վայրագությունները։ Կարծում ենք, որ Լոխ-Էռնում Մեծ ութնյակի գագաթաժողովին նախանշված նպատակի իրականացումը, այն է՝ հասնել Սիրիայի կառավարության և ընդդիմության ջանքերի համախմբման՝ սիրիական հողում ահաբեկչությունը արմատախիլ անելու, ծայրահեղականներին ոչնչացնելու և վտարելու նպատակով, ներկա պայմաններում առանձնահատուկ այժմեականություն է ստանում։ Ցանկացած պատրվակ՝ ուղղված այս ուղղությամբ գործնական քայլերը «հետաձգելուն»՝ մինչև Սիրիայում «անցումային կառավարիչ մարմնի» ձևավորումը, և առավելևս ահաբեկիչների հանցագործությունները արդարացնելու փորձերը բացարձակ անընդունելի են։ Հարկ է գործել անմիջապես։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է քննարկի իրադրությունը Քեսապում և այդ դեպքերին տա սկզբունքային գնահատական»,- ասված է հայտարարությունում։
Քեսապի դեպքերի կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ-ն մարտի 28-ին կրկին հանդես էր եկել հայտարարությամբ:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











