ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը բարձրացրել է Սիրիայում հայկական պատմական Քեսապ քաղաքը գրավելու հետ կապված հարցը և հորդորել միջազգային այս մարմնին անել ավելին՝ քաղաքի բնակիչների կարիքները հոգալու համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածած հայտարարության համաձայն` այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանտա Փաուերը՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նիստի ընթացքում` պատասխանելով կոնգրեսական Ադամ Շիֆի և հանձնաժողովի անդամների հարցերին:
Փաուերի մասնակցությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նիստի ընթացքում անցկացված հարցուպատասխանի ժամանակ կոնգրեսական Շիֆը հիշեցրել է, որ հիմնականում քրիստոնյա հայերով բնակեցված Քեսապ քաղաքի վրա մոտ մեկ շաբաթ առաջ գրոհել էին «Ալ Կաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալները, որոնք Սիրիայի տարածք էին ներթափանցել Թուրքիայի կողմից, ինչի արդյունքում քաղաքը դատարկվել էր՝ արյունալի այս հարձակման հետևանքով:
«Քաղաքի բնակիչներից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց ժառանգներ են, և նրանց թիրախավորման փաստը հատկապես մեծ ցավ է պատճառել»,- նիստի ընթացքում, դիմելով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանին, ասել է կոնգրեսական Շիֆը՝ հարցնելով, թե ինչ գործողությունների են դիմել ՄԱԿ-ն ու կազմակերպության գործակալությունները՝ Քեսապի ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ:
Ըստ հաղորդագրության՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ Քեսապի ուղղությամբ վերջերս իրականացված հարձակումները խոր մտահոգություն են առաջացրել և հավելելո, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը բարձրացրել է Քեսապի հարցը և հորդորել ՄԱԿ-ին գործադրել ավելի մեծ ջանքեր՝ քաղաքի բնակիչների կարիքները հոգալու ուղղությամբ:
«Պետք է ասեմ, որ քաղաքը գրավված ծայրահեղականների այն խմբի վրա Միացյալ Նահանգներն ու ՄԱԿ-ը, ցավոք, մեծ ազդեցություն չեն կարող գործել: Մենք այժմ շեշտը դնում ենք Սիրիայում չափավոր ընդդիմությանը սատարելու վրա՝ ընդդիմությանը, որը պայքարում է ծայրահեղականների խմբերի դեմ, շեշտը դնում ենք ՄԱԿ-ին անհրաժեշտ ֆինանսավորում, ինչպես նաև այս գործակալությանը տարատեսակ ռեսուրսներով ապահովելու վրա, որոնք անհրաժեշտ են՝ սիրիահայերի և տարհանված բնակչության կարիքներն ապահովելու համար»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը:
Սամանտա Փաուերի խոսքով` ՄԱԿ-ը «տրամադրում է ռեսուրսներ, տանում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ՝ այն խմբավորման, որը, ըստ էության, գրավել էր քաղաքը, պայքար մղող չափավոր ընդդիմության կարողությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ, որոնց արդյունքներով ՄԱԿ-ը փորձում է երաշխավորել, որ հարևան պետություններից ոչ մեկից որևէ օժանդակություն չտրամադրվի ահաբեկիչներին կամ ծայրահեղականների խմբավորումներին:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











