Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել Քեսապի դեպքերի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Խորը մտահոգություն ենք հայտնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ սիրիական բանակի ու «Ալ Կաիդայի» հետ կապված ծայրահեղական ուժերի հակամարտության հետևանքով իրավիճակի կտրուկ սրման վերաբերյալ, որը հանգեցրել է մարդկային կորուստների ու Քեսապ քաղաքի հազարավոր հայ բնակիչների հարկադրված տեղահանության:
Խստագույնս քննադատում ենք խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառումն ու ահաբեկչական գործողությունները: Կոչ ենք անում հնարավորինս շուտ դադարեցնել բռնություններն ու ապահովել փախստականների անվտանգ վերադարձը: Համոզված ենք, որ իրավիճակի կարգավորումը հնարավոր է արտաքին միջամտության և բռնության բացառման, ընդլայնված քաղաքական երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով բոլոր սիրիացիների՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից, շահերը:
Կոչ ենք անում բոլոր մտահոգ և հակամարտության մեջ ներգրավված կողմերին գործել միջազգային նորմերին խիստ համապատասխան՝ արյունահեղության արագ դադարեցման և 2012թ. հունիսի 30-ի Ժնևյան կոմյունիկեի հիման վրա Սիրիայում խաղաղ քաղաքական կարգավորման ձեռքբերման նպատակով»:
Փաստաթղթի ներքո ստորագրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











