Սիրիական Քեսապ քաղաքի ավելի քան 1,5 հազ. ընտանիք գրանցվել է որպես հարկադիր տեղահանված դեպի Լաթաքիա: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: Նրա խոսքով՝ փախստականներին անհրաժեշտ մարդասիրական օգնություն է ցուցաբերվում:
«ՄԱԿ-ը երկու առաքելություն է իրականացրել Լաթաքիայում՝ բնակչության գաղթի սկզբից ի վեր: Շուրջ 1550 ընտանիք Քեսապից գրանցվել է որպես ներքին տեղահանված և օգնություն է ստանում», - նշվում է Հաքի հայտարարության մեջ:
Նա նաև ընդգծել է, որ մեծապես հայերով բնակեցված Քեսապի շրջանը շարունակում է լինել ռազմական գործողությունների գոտի:
«Այնտեղ ոչ մի առաքելություն չի ուղարկվել», - ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ բնակչության մեծ մասն ապաստան է գտել Լաթաքիայում:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











