Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտն արձագանքել է քեսապահայության խնդրով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ուղերձին: Օմբուդսմենը քեսապահայության խնդրով մարտի 31-ին դիմել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին:
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը տեղեկացավ Հայաստանի օմբուդսմեն պարոն Կարեն Անդրեասյանից Սիրիայում, մասնավորապես՝ Քեսապում, մարդու իրավունքների իրավիճակի մասին: Որպես Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի օմբուդսմենը, իր մոնիթորինգի և միջնորդական առաքելության շրջանակում, կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերին անհրաժեշտ համագործակցության և օգնության կոչ է անում:
Այս բարդ և ողբերգական հանգամանքներում պետք է շարունակել ջանք չխնայել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ճգնաժամը խաղաղ ճանապարհով հաղթահարելու ուղղությամբ, ինչպես նաև կառուցողական համագործակցություն հաստատել քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա:
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը հորդորում և կոչ է անում Սիրիայի ճգնաժամի բոլոր կողմերին ներկա ճգնաժամը հաղթահարելու համար կիրառել խաղաղ և ուղիղ երկխոսության ճանապարհը ՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքների լույսի ներքո»:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











