ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆի գլխավորությամբ Կապիտոլյան բլուրում կոնգրեսականները մամուլի ասուլիս են տվել` դատապարտելով Սիրիայում հայկական պատմական Քեսապ քաղաքի բնակիչների վտարումը:
Ինչպես հաղորդում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Կապիտոլյան բլուրում նախօրեին անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում, կոնգրեսական Շիֆի հետ միասին մասնակցություն են ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը, կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն և Բրեդ Շերմանը:
«Սիրիայում պատերազմի սկզբի ժամանակից ես մշտապես մտահոգություն եմ արտահայտել Սիրիայի ծագումով հայ և քրիստոնյա այլ բնակչությանը սպառնացող վտանգների կապակցությամբ,- ասել է կոնգրեսական Շիֆը: -Այս մասին ես անմիջապես խոսել եմ նախագահ Բարաք Օբամայի հետ, և անցյալ շաբաթ այս խնդրի շուրջ հարցեր էի ներկայացրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանին, հորդորել եմ նաև Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովին հատկացնել ժամանակ, ուշադրություն և ռեսուրսներ՝ Սիրիայի քրիստոնյա համայնքին օժանդակություն տրամադրելու համար»:
«Քեսապի բնակիչների մեծ մասը 1915-ին իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են: Ցեղասպանության սկզբից գրեթե հարյուր տարի անց նրանց այս կերպ թիրախավորումը հատկապես մեծ ցավ է պատճառում»,- հավելել է Շիֆը:
Կոնգրեսական Բրեդ Շեմանն էլ ասուլիսի ժամանակ ուղիղ կոչ է արել հետաքննելու Քեսապում հարձակումների իրականացման մեջ Թուրքիայի ունեցած դերը:
«Գործընկերներիցս մի քանիսի հետ միասին ես հորդորում եմ հետախուզության գծով հանձնաժողովին և ԱՄՆ-ի արտգործնախարարությանը տեղեկացնել, թե ինչպիսի դեր է ունեցել Թուրքիան Քեսապ քաղաքում էթնիկ զտումներ իրականացրած՝ «Ալ Կաիդա»-ի հետ կապեր ունեցող ահաբեկիչներին ապաստան տրամադրելու մեջ: Հորդորում եմ նաև ԱՄՆ-ի արտգործնախարարությանը ձեռնարկել ավելի հեռու գնացող քայլեր, քան այս զարհուրելի իրավիճակի ճանաչումը, և տրամադրել մեզ պարզ նկարագրություն այն բանի, թե ինչպես «Ալ Կաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբերը կարողացել են մուտք գործել Թուրքիայից Սիրիա՝ իրականացնելով էթնիկ զտումներ»,- ասել է կոնգրեսական Շերմանը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոունը մամուլի ասուլիսի ընթացքում իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելի խորը ներգրավվածություն ունենա հայերին, ինչպես նաև երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով բռնությունների, ահաբեկման և իրենց տներից վտարման ենթարկվող Սիրիայի քրիստոնյա ալ բնակիչներին օգնություն տրամադրելու հարցում:
Կապիտոլյան բլուրում Քեսապի իրավիճակի շուրջ անցկացված մամուլի ասուլիսում մասնակցություն է ունեցել նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը շեշտել է, որ Քեսապի ուղղությամբ հարձակումներն իրականացվել են Թուրքիայի տարածքից՝ Թուրքիայի զինված ուժերի օժանդակությամբ:
«Մենք պետք է որդեգրենք անհանդուրժողականության քաղաքականություն ՆԱՏՕ-ի մեր ցանկացած դաշնակցի այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք կապված են կրոնական փոքրամասնությունների ուղղությամբ հարձակումներ իրականացնող՝ «Ալ Կաիդա»-ին առնչվող խմբավորումների հետ նրանց ներգրավվածությանը: Այդ իսկ պատճառով մենք սատարում ենք ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետախուզության գծով հանձնաժողովներին Քեսապի ուղղությամբ իրականացված հարձակումների ընթացքում Թուրքիայի ունեցած դերը հետաքննելու ուղղված կոչը: Մենք արժանի ենք իմանալու, թե արդյոք մեր դաշնակիցները, հնարավոր է՝ մեր կողմից տրամադրված սպառազինության օգտագործմամբ, գործողություններ են իրականացնում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ»,- հայտարարել է Արամ Համբարյանը:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











