Ապրիլի 9-ին Բրյուսելում` «Հայ տանը», Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և համայնքային բոլոր կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել բարեգործական-տեղեկատվական միջոցառում` նվիրված քեսապահայությանն ու նրանց խնդիրներին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Բացման խոսքով հանդես է եկել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Այնուհետև ելույթ ունեցող բանախոսները ներկայացրել են Սիրիայի հայ համայնքի, մասնավորապես` քեսապահայության պատմությունը:
Միջոցառման ընթացքում ուղիղ կապ է հաստատվել Բեյրութի «Վան» ռադիոկայանի տնօրեն Ավո Գիդանյանի և քեսաբցի փախստական Կարո Սևան Մանճիկյանի հետ: Վերջիններս ներկաներին պատմել են քեսապահայության խնդիրների և կարիքների մասին: Նրանք բարձր են գնահատել աշխարհասփյուռ հայության կողմից ցուցաբերվող թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցությունը:
Միջոցառման վերջում տեղի է ունեցել հանգանակություն, որն ուղղվելու է Քեսապի հայերի օգնությանը:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:
Civilnet











