Սիրիայի կառավարական բանակը, ապրիլի 14-ին մտնելով Քալամունի գյուղական շրջաններում գտնվող Մաալուլա գյուղը, իրենց վերահսկողության տակ են վերցրել Մար Թաքլա և Սրբերի վանքերը, հաղորդում է լիբանանյան «Ազդակ» պարբերականը։
Նախքան այդ՝ ապրիլի 14-ի առավոտյան, բանակն իր վերահսկողության տակ էր վերցրել Սարխա գյուղը։
Սիրիայի կառավարական բանակի՝ Մաալուլա և Սարխա մուտքը հաջորդել է Լիբանանի արևելյան լեռնաշղթայի մոտ գտնվող Ռանքուսի բարձունքները գրավելուն։ Զինյալները հետ են քաշվել դեպի լիբանանյան Ասալ Ուարտ և Թուֆեյլ գյուղերը։
Զինյալները Մաալուլա էին մտել անցյալ տարվա սեպտեմբերին, ապա բանակի հետ բախումներից հետո լքել էին գյուղը, սակայն նոյեմբերին կրկին մտել էին գյուղ, որտեղ մինչ օրս խոսում են Հիսուսի օգտագործած լեզվով՝ արամերենով։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











