Գլխավոր Լրահոս

Եվրախորհրդարանը դատապարտել է Քեսապի վրա հարձակումը

Եվրախորհրդարանը դատապարտել է Քեսապի վրա հարձակումը

Եվրախորհրդարանը ապրիլի 17-ին ընդունել է «Սիրիա․ իրադրությունը որոշ խոցելի համայնքների շուրջ» բանաձևը, որում առանձին կետով դատապարտել է հայաբնակ Քեսապ քաղաքի վրա իրականացված հարձակումը։

Բանաձևում ասված է, որ Եվրախորհրդարանը «խիստ դատապարտում է վերջին հարձակումները Սիրիայի կրոնական և էթնիկ որոշ համայքների վրա, մասնավորապես՝ քրիստոնյաների, հայերի և քրդերի, և ներգրավված բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են միջէթնիկ և միջհարամվանական հակամարտություն հրահրելուն, ընդգծում է, որ հակամարտությունում ներգրավված բոլոր սուբյեկտները պարտավոր են պաշտպանել երկրում ապրող բոլոր փոքրամասնություններին, ընդունում է, սակայն, որ որոշ խոցելի համայնքների վրա իրականացված հարձակումները ընդամենը սիրիական քաղաքացիական պատերազմի մի ասպեկտ են»։

Առանձին կետով նշված է, որ եվրախորհրդարանը «դատապարտում է հարձակումները հայկական Քեսապ քաղաքի վրա, աջակցում է տեղի մակարդակով բոլոր ջանքերին՝ խուսափելու և հակազդելու կրոնական հողի վրա հիմնված բռնությանը ապստամբների վերահսկողության տակ գտնվող և մեծ մասամբ քրդաբնակ շրջաններում, Սիրիայի ներկա և ապագա իշխանություններից պահանջում է ապահովել հուսալի և արդյունավետ պաշտպանություն երկրի խոցելի համայնքների համար և երեշխավորել նրանց անվտանգ ու ապահով վերադարձը իրենց տներ, ինչպես նաև երաշխավորել, որ հարձակումների մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։

Բանաձևում նշված է, որ «Սիրիայի բնակչությունն ավանդաբար ունեցել է էթնիկ և կրոնական համայնքների հարուստ բազմազանություն՝ համապատասխանաբար ներառելով արաբներին, արամեացիներին, հայերին, ասորիներին, չերքեզներին, քրդերին և թուրքմեններին և մուսուլմաններին, քրիստոնյաներին ու դրուզներին», և որ «այս համայնքները միշտ եղել են Սիրիայի հասարակության մի մասնիկը՝ նպաստելով նրա զարգացմանն ու առաջխաղացմանը, կարևոր դեր են խաղում Սիրիայի ժողովրդավարացման հարցում և պետք է ներկայացված լինեն Սիրիայի ապագայի հարցով ցանկացած խորհրդակցության և հաշտեցման ցանկացած գործընթացում»։

Նշված է նաև, որ «մինչև վերջին ժամանակներս այդ համայնքների մեծ մասը փորձել է խուսափել հակամարտության կողմերից որևէ մեկի կողմն անցնելուց, թեև նրանցից շատերը հնարավոր է՝ ընդունում են Սիրիայում վարչակարգի փոփոխության անհրաժեշտությունը, մտահոգություն ունեն նաև, որ եթե կառավարությունը տապալվի, իրենք կարող են սուննի ջիհադիստ ապստամբների թիրախ դառնալ»։

Մարտի 21-ին Թուրքիայի սահմանը հատած հակակառավարական զինյալ խմբավորումների` Քեսապ ներխուժումից հետո ավելի քան 600 հայ ընտանիք նույն օրը թողել է տները և ապաստանել Քեսապից 65 կմ հեռու գտնվող Լաթաքիա քաղաքում: Քեսապում մնացել էր մի քանի տասնյակ մարդ: Առաջին շաբաթվա ընթացքում նրանց մասին լուր չկար, սակայն ապրիլի 7-ից հետո ավելի քան 21 մարդ, մեծամասնությամբ ծերեր, հայտնվեցին Թուրքիայի սահմանում, ապա տեղափոխվեցին Թուրքիայի վերջին հայկական՝ Մուսալեռան Վաքըֆ գյուղ։

Ավելի շատ տեղեկությունների համար այցելեք ՍիվիլՆեթի Understanding Kesab կամ Սիրիա բաժինները:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում