Խաղաղ բնակիչները մտել են Սիրիայի Հոմս քաղաքի այն թաղամասերը, որոնք նախկինում գտնվում էին ապստամբների վերահսկողության տակ, հաղորդում է BBC-ն:
Ապստամբները քաղաքը լքել են երկրի կառավարության հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում:
Ինչպես հաղորդում է AFP-ն՝ արցունքներն աչքերին հարյուրավոր մարդիկ, այդ թվում նաև երեխաներ, վերադարձել են են ավերված Հին քաղաք, որպեսզի տեսնեն, թե ինչ է մնացել իրենց տներից:
Մայիսի 8-ին պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Հոմսի Հին քաղաքն «ամբողջովին մաքրվել է զինված ահաբեկչական խմբավորումներից»: Ապստամբների վերջին խումբն արդեն լքել է քաղաքը:
Հոմսը «հեղափոխության մայրաքաղաք» էին անվանում։ Քաղաքը, որի պաշարումն ավելի քան երկու տարի է տևել, ներկայում գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ:
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











