ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մայիսի 13-ին առաջին անգամ Սպիտակ տանն ընդունել է Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբային և բարձր է գնահատել կոալիցիայի դերը սիրիական ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու որոնումներում, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունը
Օբաման միացել է իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսի և Ահմեդ Ջարբայի ու նրա պատվիրակության հանդիպմանը, որը Վաշինգտոնում է՝ արդեն մեկ շաբաթ։
Հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ «Բաշար ալ Ասադը կորցրել է լեգիտիմությունը և տեղ չունի Սիրիայի ապագայում», ասված է հաղորդագրությունում։ Կողմերը նաև հաստատել են հակամարտության քաղաքական կարգավորման ձգտումը, որը ենթադրում է անցում իշխող նոր մարմնի։
Ահմեդ Ջարբան ԱՄՆ-ի նախագահին շնորհակալություն է հայտնել ընդդիմությանը $287 մլն-ի ոչ մահաբեր ռազմական օգնության և Սիրիային ու հարևան երկրներին $1,7 մլրդ մարդասիրական օգնության համար։
Մայիսի 5-ին Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիային թույլ կտա դիվանագիտական առաքելություն բացել Վաշինգտոնում։
Պետքարտուղարությունը հայտարարել էր նաև հավելյալ $27 մլն-ի ոչ մահաբեր ռազմական օգնություն հատկացնելու մասին՝ օժանդակության ընդհանուր չափը՝ 2011թ․ մարտին սիրիական ճգնաժամի սկսվելուց ի վեր, հասցնելով $287 մլն-ի։
2012թ․ դեկտեմբերին ԱՄՆ-ը Ազգային կոալիցիան ճանաչել էր սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











