Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը ընդլայնում է աջակցությունը սիրիական ընդդիմությանը

ԱՄՆ-ը ընդլայնում է աջակցությունը սիրիական ընդդիմությանը

Միացյալ Նահանգները Սիրիա զորքեր չի մտցնի, սակայն մտադիր է ուժեղացնել աջակցությունը ընդդիմությանը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։

«Որպես նախագահ՝ ես որոշել եմ, որ մենք չպետք է ամերիկյան զորքերը ներգրավենք այս խորացող դավանաբանական պատերազմում, և կարծում եմ՝ սա ճիշտ որոշում է։ Սակայն սա չի նշանակում, թե մենք չպետք է օգնենք Սիրիայի ժողովրդին՝ դիմակայել բռնապետին, որը ռմբակոծում և սովահարության է մատնում սեփական ժողովրդին։ Օգնելով նրանց, ովքեր պայքարում են՝ հանուն բոլոր սիրիացիաների՝ սեփական ապագան ընտրելու իրավունքի, մենք նաև դեմ ենք դուրս գալիս ծեյրահեղականների աճող թվին, որոնք ցանկանում են ապրել քաոսում»,- ասել է Օբաման մայիսի 28-ին՝ ելույթ ունենալով Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում։

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ մտադիր է աշխատել Կոնգրեսի հետ՝ օգնելու սիրիական ընդդիմությանը, որը նրա կարծիքով՝ լավագույն այլընտրանքն է ահաբեկիչներին և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին։ ԱՄՆ-ը նաև մտադիր է ահաբեկչության դեմ պայքարում աջակցություն ցուցաբերել Սիրիայի հարևան երկրներին՝ Հորդանանին, Լիբանանին, Թուրքիային և Իրաքին։

«Մենք կուժեղացնենք մեր ջանքերը՝ աջակցելու Սիրիայի հարևաններին՝ Հորդանանին ու Լիբանանին, Թուրքիային ու Իրաքին՝ հաղթահարելու փախստականների հետ կապված խնդիրներն ու դիմակայելու ահաբեկիչներին, որոնք գործում են Սիրիայի սահմանի երկայնքով։ Ես կաշխատեմ Կոնգրեսի հետ՝ մեծացնելու աջակցությունը սիրիական ընդդիմության այն մասնակիցներին, որոնք լավագույն այլընտրանքն են ահաբեկիչներին և դաժան բռնապետերին։ Մենք կշարունակենք համակարգել աշխատանքը Եվրոպայում և արաբական աշխարհում մեր բարեկաների և դաշնակիցների հետ՝ գտնելու այս ճգնաժամի քաղաքական լուծում»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Ավելի վաղ՝ մայիսի 27-ին, ամերիկյան Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրները, գրել էր, որ Բարաք Օբաման հնարավոր է՝ մոտ ժամանակներս հավանություն տա ամերիկացի զինվորականների՝ սիրիացի չափավոր ապստամբներին մարզելու ծրագրին՝ պայքարելու կառավարական զորքերի և «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող խմբավորումների դեմ։

Համաձայն պարբերականի աղբյուրների՝ «ռազմական վերապատրաստման նոր ծրագիրը, եթե իրականացվի, կհավելի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ)՝ վերապատրաստման և զրահավորման փոքրամասշտաբ ծրագիրը, որին Օբաման հավանություն էր տվել մեկ տարի առաջ»․ ԿՀՎ-ի կողմից իրականացվող ծրագրի վերաբերյալ մանրամասներ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները չեն հաղորդել, քանի որ այն գաղտնի է։

Wall Street Journal գրել էր, որ մայիսի 28-ին ելույթ ունենալով Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, Օբաման աջակցության հստակ ազդանշան կտա վերապատրաստման նոր ջանքերին՝ ասելով, որ մտադիր է մեծացնել աջակցությունը զինված ընդդիմությանը Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ պայքարում, այդ թվում՝ նրանց վերապատրաստման հնարավորություն տալու միջոցով։

«Նախագահը պարզ կհասկացնի, որ մտադիր է ընդլայնել մեր աջակցությունը սիրիական չափավոր ընդդիմությանն ու Սիրիայի հարևան երկրներին, որոնք առերեսվում են Բաշար ալ Ասադի ստեղծած իրադրության պատճառով առաջացած ահաբեկչական սպառնալիքներին»,- ասել էր ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան պարբերականին։ Ընդ որում՝ նա հստակեցրել էր, որ Օբաման մանրասմասներ չի ներկայացնի՝ երբ և որտեղ է իրականացվելու մարզումը։

Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում