Հունիսի 1-ին ընդդիմադիր զինված խմբավորումները ավելի քան 30 գազի պայթուցիկ տակառներ են արձակել Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի վրա։ Պայթյունների հետևանքով վիրավորվել է ազգությամբ հայ Զարեհ Քահքեճյանը, հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Զարեհն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը կայուն է։
Թաղամասում արձանագրվել են նաև նյութական մեծ վնասներ։
Ավելի վաղ՝ մայիսի 31-ին, Նոր գյուղի տարբեր հատվածներում ընդդիմադիր զինված խմբավորումների կողմից խաղաղ բնակչութեան վրա արձակված հրթիռների հետևանքով զոհվել էին Ռահել Դավիթյանը և Միսաք Պարգև Պոշկեզենյանը։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











