Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում իրադրությունը հետզհետե վատթարանում է։ Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, շարունակվում է հրթիռակոծումը։ Հունիսի 2-ի կեսօրին չորս հրթիռ է ընկել Զվարթնոց եկեղեցու շրջակայքում։ Վիրավորվել է ազգությամբ հայ Հարութ Իսկենյանը։ Նրա վիճակը ծանր է։
«Գանձասարը» նաև նշում է, որ հունիսի 1-ի ուշ գիշերվանից մինչև հունիսի 2-ի առավոտվա ժամերը Հալեպի տարբեր շրջաններում հրթիռակոծումը շարունակվել է։ Հատկապես Նոր գյուղ թաղամասում ընդդիմադիր զինված խմբավորումների նետած գազի պայթուցիկ տակառները մեծ ավերածություններ են պատճառել։ Վնասվել են թաղամասի հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբն ու բնակարանները, աշխատատեղիներն ու խանութները։ Վիրավորվել են Ստեփան Արուշյանն ու Զարեհ Ղազարյանը։ Վիրավորները ստացել են համապատասխան բուժում, և նրանց վիճակը կայուն է։
Հունիսի 1-ին ընդդիմադիր զինված խմբավորումները ավելի քան 30 գազի պայթուցիկ տակառներ էին նետել Նոր գյուղ թաղամասի վրա։ Պայթյունների հետևանքով վիրավորվել էր Զարեհ Քահքեճյանը, որն անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրա վիճակը կայուն է։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











