Սիրիայում ավելի քան երեք տարի շարունակվող արյունալի քաղաքացիական պատերազմի ֆոնին հունիսի 3-ին անցկացվում են նախագահական ընտրություններ։
Ինչպես հաղորդում է BBC-ն, սա վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամն է, երբ Ասադների ընտանիքի ներկայացուցչից բացի՝ նախագահի աթոռի համար պայքարում են երկու այլ թեկնածու, թեև ներկայիս նախագահ Բաշար ալ Ասադի հաղթանակը կասկածից վեր է։
Մյուս երկու թեկնածուները՝ Մահեր Հաջարը և Հասան ան Նուրին, այնքան էլ ճանաչված չեն և ի վիճակի չեն եղել նախագահին հավասար պայմաններում ընտրարշավ անցկացնել։
Վերլուծաբանները նշում են, որ Սիրիայի իշխանությունները ձգտում են այս քվեարկությունն ամեն կերպ ներկայացնել՝ որպես ճգնաժամը լուծելու միջոց։
Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկիի խոսքով՝ այս ընտրությունը պատմական իրադարձություն է Սիրիայի համար, և մասնակցության բարձր մակարդակը աշխարհին կապացուցի, որ Սիրիայի ժողովուրդը որոշել է և վճռական է ընտրական գործընթացը հաջողությամբ պսակելու հարցում։
Նա սիրիացիներին կոչ է արել ընտրել նախագահ, որը «երկրում անվտանգություն և կայունություն կհաստատի․․․ և կարագացնի ազգային հաշտեցման հասնելու գործընթացը»։
Ինչևէ, քվեարկությունն անցկացվելու է միայն Սիրիայի կառավարական ուժերի կողմից վերահսկվող շրջաններում մինչդեռ երկրի շատ հատվածներ կա՛մ ապստամբների վերահսկողության տակ են, կա՛մ արյունալի մարտերի թատերաբեմ են։
Ընդդիմադիր զինյալները նախազգուշացրել են, որ փորձելու են խափանել քվեարկությունը, իսկ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան, որը վայելում է Արևմուտքի աջակցությունը, ընտրությունները բոյկոտում է։
Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան ընտրություններն անվանել է «սիրիացիների արյամբ բեմադրված թատրոն»։
ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին ընտրությունների անցկացումն ավելի վաղ անվանել էր կեղծիք։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











