Հունիսի 2-ին Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում ընդդիմադիր զինված խմբավորումների արձակած հրթիռների հետևանքով զոհվել է ազգությամբ հայ, 1957թ․ ծնված Անդրանիկ Գանթարճյանը։ Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Անդրանիկի դին հայտնաբերվել է ավերված շենքի փլատակների տակ։
Նույն թաղամասում ընկած գազի պայթուցիկ տակառի պայթյունի հետևանքով վիրավորվել է Մանուկ Ղազելյանը։ Նրա վիճակը կայուն է։
Իսկ Ջալաա թաղամասում ընկած ականի հետևանքով վիրավորվել է Հովսեփ Արամյանը, նրա վիճակը նույնպես կայուն է։
Հունիսի 2-ին՝ ավելի վաղ, Նոր գյուղում չորս հրթիռ էր ընկել Զվարթնոց եկեղեցու շրջակայքում։ Վիրավորվել էր Հարութ Իսկենյանը։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,3 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











