Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հաղթել է հունիսի 3-ին անցկացված նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 88,7%-ը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ասադի հաղթանակի մասին հեռուստատեսային ուղերձում հայտարարել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Մուհամադ ալ Լահամը։
Սիրիայի Սահմանադրական դատարանը հայտնել է, որ մասնակցությունը կազմել է 73,47%։ Դատարանի մամուլի քարտուղարի խոսքով՝ քվեարկությանը երկրում և նրա սահմաններից դուրս մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 15,85 մլն քաղաքացիներից ավելի քան 11 մլն-ը։
Ասադի մյուս երկու մրցակիցները՝ Հասան ան Նուրին և Մահեր Հաջարը, ստացել են 4,3% և 3,2% ձայն համապատասխանաբար։
Բաշար ալ Ասադը Սիրիայի նախագահի աթոռը կզբաղեցնի երրորդ անգամ։ Սիրիայում նախագահի լիազորությունների ժամկետը յոթ տարի է։
BBC-ի թղթակիցները նշում են, որ Սահմանադրական դատարանի տվյալները չափազանցված են թվում, քանի որ քվեարկությունն անցկացվել է միայն Սիրիայի կառավարական ուժերի կողմից վերահսկվող շրջաններում մինչդեռ երկրի շատ հատվածներ կա՛մ ապստամբների վերահսկողության տակ են, կա՛մ արյունալի մարտերի թատերաբեմ են։
Սիրիական ընդդիմության գլխավոր քաղաքական ուժը՝ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան, որը վայելում է Արևմուտքի աջակցությունը, ընտրությունները բոյկոտել էր։
Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան ընտրություններն անվանել էլ «սիրիացիների արյամբ բեմադրված թատրոն»։
Քվեարկությունը խիստ քննադատել են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները։ «Չես կարող ընտրություններ անցկացնել այն դեպքում, երբ միլիոնավոր մարդիկ չունեն անգամ ընտրելու հնարավորություն»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
ՍիվիլՆեթի Լրաzoom հաղորդման շրջանակում փորձագետները քննարկել են Սիրիայում հունիսի 3-ին անցկացված նախագահական ընտրությունները։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Civilnet











