Վարդան Օսկանյան. «Ընտրությունների պարագայում ամենատպավորիչը ոչ թե Սիրիայում դրանց արդյունքն է, այլ Լիբանանում ու Հորդանանում Ասադի ունեցած հաջողությունը»:
«Ալ Ջազիրան» հրապարակել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հերթական հոդվածը, որը վերնագրված է «Սիրիայի ընտրություններն ու հարևան երկրների կամքը»։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։
Հունիսի 3-ին սիրիացի ժողովուրդը քվեարկեց։ Մինչ քվեաթերթիկների հաշվումը շարունակվում է [«Ալ Ջազիրայում» հոդվածը հրապարակվել է հունիսի 4-ին՝ նախքան ընտրությունների արդյունքների հայտնի դառնալը], կարելի է վստահաբար ենթադրել, որ Բաշար ալ Ասադը հաղթել է։ Կարևո՞ր է սա արդյոք։
Այո՛։ Ընտրությունների օրինականության, լեգիտիմության, վավերականության և անհրաժեշտության շուրջ վիճելը պարապ զբաղմունք է։ Յուրաքանչյուր կողմ իր փաստարկներն է կրկնելու։
Ընտրությունների պարագայում ամենատպավորիչն այնքան այն չէ, թե քվեարկությունն ինչ արդյունք է ունեցել Սիրիայի տարածքում, որքան այն, թե ինչպես են քվեարկել Ասադի օգտին Լիբանանում և Հորդանանում։ Սահմանային այս երկու հարևան երկրներից յուրաքանչյուրում մոտ մեկ միլիոն բազմաչարչար փախստական ակնհայտ մեծ խանդավառությամբ քվեարկել է Ասադի օգտին։
Այս տեղահանված սիրիացիներն օգտագործեցին իրենց ձայնը՝ ասելու այն, ինչ ես ասում էի մարտին՝ եթե սիրիացի ժողովրուդն ընտրելու լիներ Ասադի գլխավորությամբ (իրական կամ ցանկալի) անհապաղ անվտանգության, խաղաղության և կայունության ու տևական հակամարտության, շարունակվող տառապանքի և անորոշ ապագայի միջև, անգամ ամենահիասթափված սուննին հավանաբար կընտրեր առաջին տարբերակը։
Մեծանալով Սիրիայում՝ ամեն անգամ հատելով սահմանն ու անցնելով Լիբանան՝ ինձ հետաքրքրում էր երկու երկրների միջև անմիջականության, կենսունակության և բարեկեցության տարբերության պատճառը։ Անգամ այդ ժամանակ ես գիտեի՝ պատասխանը Սիրիայի ավտորիտար վարչակարգն է։
Ավելի ուշ՝ 1986-ին, երբ ԱՄՆ-ում ուսանելուց հետո տառաջին անգամ վերադարձա Սիրիա, սարսափով տեսա բռնատիրական պետության աներևակայելի բռնության հետևանքները․ Համա քաղաքը, որը Դամասկոսից Հալեպ՝ իմ հայրենի քաղաք, ճանապարհին է, հողին էր հավասարեցվել հայր Ասադի կողմից՝ ի պատասխան սուննիների՝ ալաուի փոքրամասնության վարչակարգին նետած առաջին մարտահրավերի։
Ինչպիսին հայրն էր, այնպիսին էլ որդի՞ն է
1999-ին, երբ ես պատրաստվում էի հանդիպել Հաֆեզ ալ Ասադի հետ Դամասկոս կատարած պաշտոնական այցի շրջանակում, չէի կարող չմտածել, որ պատրաստվում եմ հանդիպել դաժանագույն առաջնորդի, նաև՝ մեկին, որը կայունություն և որոշակի առաջընթաց է պարգևել սիրիացի ժողովրդին։
Երբ որդի Ասադն իշխանության եկավ, դատելով նրա կրթությունից և անցյալից՝ շատերի պես ես էլ մեծ հույս կապեցի նրա հետ՝ որպես Սիրիայում խաղաղության ու թեկուզ և դանդաղ ու աստիճանական ժողովրդավարական փոփոխության ուղի։ Առաջին մի քանի դրական քայլերից հետո Բաշար ալ Ասադը նույնպես հայտնվեց նույն անդունդում։
Փոքրամասնության իրականացրած կոշտ ավտորիտար կառավարման քառասուն տարին խոր սպիներ էր թողել, և 2011-ին փոփոխության հնարավորությունը բաց չթողնվեց։ Բայց կարո՞ղ էր որևէ մեկը պատկերացնել, որ այս իրադրությունը շարունակվելու է երեք տարի։
Սիրիացի ժողովուրդը կծափահարեր արագ, առանց մարդկային զոհերի բենալիական փոփոխությանը; նրանք կաջակցեին մուբարաքյան «ցածր գին» ունեցող իշխանափոխությանը; նրանք կաջակցեին անգամ կադաֆիական կարճատև արտաքին միջամտություն-խթան իշխանափոխությանը: Սակայն նրանք ակնհայտ չէին ցանկանա այս տեսակ անմարդկային պատերազմ և անողոք տևական տառապանք՝ անկախ վերջնանպատակից։
Համաշխարհային ու տարածաշրջանային տերությունները, որոնց շահերը համընկան Սիրիայում իշխանափոխության հարցում, նույնպես չէին ցանկանում այսպիսի տևական հակամարտություն՝ այսչափ տառապանքով։
Հորդանանի սահմանի մոտ գտնվող Դերաա փոքր քաղաքում առաջին կրակոցներից երեք տարի անց փոխվել է իրադրության նկատմամբ համաշխարհային ու տարածաշրջանային տերությունների գնահատականը։
Նախ` նրանք սխալ հաշվարկ էին արել Ասադի վարչակարգի տապալման արագության և հեշտության հարցում։ Պարզվեց` վարչակարգի և նրա դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի («Հեզբոլլահի» հետ միասին) վճռականությունը շատ ավելի հաստատուն էր, քան Արևմուտքի անտարբեր աջակցությունը իշխանափոխության համար պայքարողների ոչ հստակ ռազմավարությանն ու նպատակներին։
Բացի այդ՝ ծայրահեղական կազմակերպությունների ներթափանցումն ու տարածումը Սիրիայում շուտով սկսեցին դիտարկվել որպես ավելի մեծ սպառնալիք Արևմուտքի շահերին, քան Ասադի վարչակարգն է ներկայացնում։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուեսթ Փոյնթում արտաքին քաղաքականության վերաբերյալ իր ելույթում հստակ խոստովանեց դա։ Այդուհանդերձ, քաղաքական միջոցառումների նրա բաղադրատոմսը նույնն էր։
«Ես կաշխատեմ Կոնգրեսի հետ՝ մեծացնելու աջակցությունը սիրիական ընդդիմության այն մասնակիցներին, որոնք լավագույն այլընտրանքն են ահաբեկիչներին և դաժան բռնապետերին»։
Ձախողման բաղադրատոմս
Սա տևական աղետի բաղդադրատոմս է։ Նման աջակցությունը միայն կշարունակի Սիրիայի տարածքում սնել վերահսկողությունից դուրս գտնվող ծայրահեղական կազմակերպություններին։
Ժնևի բանակցությունները զուր էին։ Դրանք կազմակերպվեցին հապճեպ՝ չնայած ավելի վաղ արված հայտարարություններին, և հստակ դատապարտված էին ձախողման։ Ինչպես ճիշտ մարդիկ չէին հրավիրված, այնպես էլ ճիշտ հարցեր չտրվեցին։ Սակայն այս ձախողումը չպետք է խոչընդոտի նոր և ավելի համարձակ քայլերը՝ հանուն սիրիացի ժողովրդի և տարածաշրջանային խաղաղության։
Միջազգային հարաբերությունների բաժնի ցանկացած ուսանող գիտի նարնջի պատմությունը։ Երկու կողմերը վիճում են նարնջի պատկանելության շուրջ։ Բանակցությունների արդյունքում նրանք մեջտեղից կիսում են նարինջը։ Պարզվում է՝ նրանցից մեկին պետք էր նարնջի կեղևը՝ տորթ պատրաստելու համար, մյուսին՝ նարնջի հյութը։ Եթե բանակցությունների ընթացքում իմացած լինեին յուրաքանչյուրի՝ նարինջ ուզելու նպատակը, բնականաբար, նրանց համար շատ ավելի արդյունավետ լուծում կլիներ։
Ասադին մեջտեղից չես կիսի, չես ճզմի, չես էլ քերի։ Բոլորն էլ փորձել են։ Ասադի՝ իշխանությունը լքել-չլքելու շուրջ բանակցելը, ինչպես ցույց տվեցին Ժնևի բանակցությունները, ոչնչի չեն հանգեցնի։ Այս քվեարկությունը, ինչ էլ որ չլինի, ցույց է տալիս, որ ներկա դրությամբ նա կարող է հավակնել որոշակի լեգիտիմության։ Ուստի սիրիական հակամարտությունն ու դրա հնարավոր լուծումը պետք է ձևակերպվեն այլ կերպ և չպետք է սահմանափակվեն Ասադի անձով։
Օրակարգը պետք է լինի ընդարձակ և համապարփակ։ Այն պետք է լինի սահմանադրական փոփոխությունների, ժողովրդավարության, ինստիտուտների, ընտրական իրավունքի, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և տարածաշրջանային համագործակցության ու կայունության վերաբերյալ։ Այն պետք է լինի նախագահի նախագահության ժամկետն ու իշխանությունը սահմանափակելու, իշխանությունը կիսելու, փոքրամասնությունների իրավահավասար ներգրավվածության և քինոտ հաշվեհարդարը կանխելու մասին։
Ժողովրդավարությունը ներկայացվածություն է, և այն պետք է ընդգրկի Սիրիայի ժողովրդի ամբողջական խճանկարը։ Երկրի ապագայով հետաքրքրված յուրաքանչյուր խումբ, ներառյալ՝ կառավարությունը, ներսի և դրսի ընդդմադիր խմբերը, պետք է հրավիրվեն այդ պաշտոնական բանակցություններին։ Սակայն այդ գործող անձանցից յուրաքանչյուրը պետք է ցույց տա, որ շահագրգռված է ինքնիշխան, միասնական, ժողովրդավարական և բազմակարծիք Սիրիայով, այլ ոչ թե էթնիկ կամ հատվածային իշխանության ամրապնդմամբ կամ վրեժխնդրությամբ։
Կարծում եմ՝ ժամանակն է, որ ՄԱԿ-ը կազմակերպի գագաթաժողով` լավ մտածված ծրագրով, որի հիմքում կլինեն համաշխարհային ու տարածաշրջանային արագ փոփոխվող զարգացումները և փաստերն ու իրողությունները, ներառյալ հսկայական ավերածությունները երկրում, Սիրիայի բնակչության անտանելի տառապանքը և համաշխարհային ահաբեկչության ու տարածաշրջանային անկայունության ընդլայնման վերահաս վտանգը։
Սիրիայում կատարվողի հետ որոշակի առնչություն ունեցող տասը երկիր կա։ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան երեք գերտերություններն են, Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը տարածաշրջանային խոշոր խաղացողներ են, իսկ Հորդանանը, Լիբանանն ու Իրաքը անմիջական ազդեցություն և ներդրում ունեցող հարևան երկրներն են։ Այս երկրներից ոչ մեկը միայնակ կամ նույնիսկ իր միակարծիք գործընկերների հետ դաշինքի պարագայում չի կարող լուծել սիրիական հակամարտությունը։ Սակայն միասին նրանք կարող են վերջ դնել արյունահեղությանը։
Civilnet











