Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը(ԱԳՆ) խստորեն դատապարտում է վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապաղ դադարեցումն է»,- ասված է հաղորդագրությունում:
Հունիսի սկզբից սկսած՝ ամբողջ Հալեպում և մասնավորապես հայաբնակ Նոր գյուղ թաղամասում իրադրությունը խիստ վատթարացել է։
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը ավելի վաղ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Նոր գյուղում ընկած հրթիռները մարդկային զոհերից և վիրավորներից բացի՝ պատճառել են նաև նյութական ահռելի վնասներ։ Բնակելի մի շարք շենքեր ամբողջովին փլուզվել են, որոշները մասամբ ավերվել են։ Հարյուրավոր հայ ընտանիքներ հարկադրված լքել են իրենց տները, ոմանք Հալեպից հեռացել են և փորձել են ապաստան գտնել ավելի անվտանգ համարվող ծովափնյա Լաթաքիա քաղաքում, ոմանք տեղափոխվել են Հալեպի այլ թաղամասերում բնակող իրենց հարազատների բնակարաններ, ոմանք էլ այդ հնարավորությունը չունենալով՝ ապաստան են գտել Նոր գյուղում գտնվող Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։
Civilnet











