Սիրիական բանակի զորամիավորումները գրոհ են ձեռնարկել Քեսապի ուղղությամբ՝ հասնելով մինչև քաղաքի կենտրոն, հաղորդում է սիրիական առցանց Shamtimes կայքը:
Ըստ կայքի՝ սիրիական բանակը երկրի պետական դրոշը բարձրացրել է Քեսապի քաղաքապետարանի շենքի վրա: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիան փակել է իր սահմանը փախչող զինյալների առջև և թողնում է անցկացնել միայն վիրավորներին:
ՍիվիլՆեթի աղբյուրները Լաթաքիայից հաղորդում են, որ Քեսապի շրջակա գյուղերի մեծ մասը, այդ թվում՝ Քեսապի բարձունքները, արդեն սիրիական բանակի հսկողության տակ են:
Քեսապը մարտի 21-ից հակակառավարական զինյալների վերահսկողության տակ էր, որոնք քաղաքի վրա հարձակվել էին թուրքական սահմանից: Քեսապի հայ բնակչության մեծ մասը տարհանվել էր Սիրիայի ծովափնյա Լաթաքիա քաղաք, ինչպես նաև Լիբանան՝ Բեյրութ և Անջար: Երկու տասնյակ հայ ծերեր քաղաքի գրավումից հետո տեղափոխվել էին Թուրքիայի վերջին հայաբնակ Վաքըֆ գյուղ:
Մինչ մարտերը Քեսապի շուրջ շարունակվում են կառավարական ուժերի և ապստամբների միջև, Սիրիայի ամենահայաշատ բնակավայրը՝ Հալեպի Նոր գյուղ թաղամասը, ավերակների է վերածվել, հազարավոր մարդիկ տեղահանվել են:
Սիրիական հակամարտության վերջին երեք տարիներին, տարբեր գնահատականներով, շուրջ 150 հազար մարդ է զոհվել, շուրջ 5 միլիոն մարդ էլ դարձել է փախստական:
Civilnet











