Հունիսի 17-ին Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը կրկին հրթիռակոծման թիրախ է դարձաել։ Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթերթի ֆեյսբուքյան էջը, արձակված հրթիռների և ականների հետևանքով զոհվել է ազգությամբ հայ Վրեժ Ճապաղջուրյանը, որը տարիներ շարունակ եղել է թերթի ցրիչը։ «Գանձասարի» հաղորդմամբ՝ կան նաև վիրավորներ։
Ավելի վաղ՝ հունիսի 16-ի երեկոյան, Հալեպի Սեբիլ թաղամասում ընկած ականի պայթյունի հետևանքով զոհվել էր 1942թ․ ծնված Սեդա Պասմաճյանը։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











