Հուլիսի 8-ի երեկոյան Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը կրկին դարձել է գազի տակառների թիրախ։ Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, վիրավորվել են ազգությամբ հայեր Արփի և Գոհար Գույումճյանները, Նվեր Գրտանյանը և Հռիփ Ղազարյանը։ Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ։
Արձանագրվել են նաև նյութական վնասներ։ Ամենամեծ պայթյունները տեղի են ունեցել Նոր Գյուղի Օդային զինուժի կենտրոնի շրջանում և ազգապատկան «Կիլիկիա» շենքի դիմաց՝ «Արևելք» տպարանին կից։
Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 150 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։
Civilnet











